Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է «Հուսալի հայրենիք» ծրագրի իրականացման մեկնարկի մասին, համաձայն որի՝ հանցավորության դեմ պայքարում կներգրավվեն զինծառայողները: Երկուշաբթի ելույթ ունենալով՝ նա հայտնել է, որ մայրաքաղաքի 5 համայնքներում հասարակական անվտանգության ապահովման գործում կներգրավվեն 3000 զինծառայողներ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Վերջին տարիներին հանցավորությունը հարավամերիկյան այդ երկրում ձեռք է բերել ազգային աղետի մասշտաբներ: Եթե աշխարհում միտումնավոր սպանությունների միջին ցուցանիշը 100 հազար բնակչության հաշվով կազմում է 7 մարդ, ապա Վենեսուելայում այդ թիվը պաշտոնապես մոտենում է 50-ի, իսկ ոչ պաշտոնապես՝ 70-ի:
Իրավիճակն այնպիսին է, որ մութն ընկնելուն պես քաղաքի բնակչության մեծ մասը նախընտրում է տանից դուրս չգալ՝ վախենալով կողոպուտից կամ ավազակների արձակած փամփուշտների զոհ դառնալուց:









































