Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մաքսային միության անդամ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան: Այցը նախատեսված է եղել վաղուց՝ տեղեկացրին նախագահականից, սակայն համընկել է դարի արարողության՝ ԲՀԿ առաջնորդի կառուցած եկեղեցու բացման հետ, որին մասնակցելու հրավեր է ստացել ողջ իշխանական էլիտան` վարչապետով, ԱԺ պատգամավորներով հանդերձ:
«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Տիգրան Սարգսյանը չի մասնակցելու արարողությանը, մասնակցելու է Սերժ Սարգսյանը: Օդանավակայանում Բատկային դիմավորելուց հետո Ծառուկյանը նրան տարել է իր տուն` հյուրասիրելու: Հիշեցնենք, որ Բատկան և Ծառուկյանը, այսպես ասած, բիզնես-«պարտնյորներ» են. Ծառուկյանը Բելառուսում ունի կոնյակի գործարան և փորձում է հասնել նրան, որ ինքը լինի Հայաստանից Բելառուս միակ կոնյակ արտահանողը, ինչը հայաստանյան իշխանություններին դուր չի գալիս:
«Եվրոպայի վերջին դիկտատորը» հանդիպելո՞ւ է իր հին բարեկամ Ռոբերտ Քոչարյանին, չի հաջողվել ճշտել: Հիշեցնենք, որ Բատկան մի քանի տարի առաջ, երբ արդեն նախագահ էր Սերժ Սարգսյանը, որդու՝ Կոլյայի հետ եկել էր Հայաստան ու դահուկ էր քշում Ծաղկաձորում՝ Քոչարյանի հետ: Այս անգամ Բատկան 2 որդիներին է բերել: Մեծին` Վիկտորին, և փոքրին՝ Կոլյային, միջնեկը` Դիման, մնացել է Մինսկում: Թերթը նաեւ հիշեցնում է, որ 10 տարեկան Նիկոլայը Բատկայի արտաամուսնական որդին է: Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ից պնդում են, թե այսօր տեղի է ունենալու միայն եկեղեցու բացումը, հրավիրատոմսերում գրված է՝ հրավիրվում եք ժամը 15-ին մասնակցելու եկեղեցու արարողությանը, իսկ ժամը 19-ին «Փարավոնում»՝ ընթրիքի:








































