Գերմանական Der Spiegel պարբերականը, ուսումնասիրելով գերմանական «Միություն 90/ Կանաչներ» կուսակցության արխիվային փաստաթղթերը, ձեռք է բերել տվյալներ այն մասին, որ մանկապիղծները շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել կուսակցության վրա, քան ներկայում ընդունված է կարծել:
1980-ականներին կուսակցությունն անմիջականորեն ֆինանսավորել է Գեյերի, տրանսսեքսուալների ու պեդերաստների դաշնային ասոցիացիան (BAG SchwuP – Bundesarbeitsgemeinschaft Schwule, Päderasten und Transsexuelle), որը հանդես էր գալիս անչափահասների հետ սեռական հարաբերությունների օրինականացման օգտին:
Թերթը գրում է, որ 1984 թվականին BAG SchwuP-ը պաշտոնապես մտել է Բունդեսթագում կուսակցության խմբակցության հանձնաժողովներից մեկի կազմ, ինչը թույլ է տվել ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:
Ինչպես արտահայտվել է BAG SchwuP-ի նախկին անդամ Քուրթ Հարթմանը, «կանաչները» եղել են մանկապիղծների համար միակ քաղաքական հույսը: Նրա խոսքով՝ միայն այդ կուսակցությունն է պայքարել սեռական փոքրամասնությունների իրավունքների համար:
Կուսակցության ղեկավարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ մանկապիղծները ազդեցություն են ունեցել իրենց քաղաքականության վրա: Կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ սեռական բռնությունից երեխաների պաշպանությունը միշտ եղել է իրենց առաջնահերթություններից մեկը: Նրա կարծիքով՝ անընդունելի է առանձին խմբերի նախկին դիրքորոշումը երեխաների նկատմամբ սեռական բռնության հարցում որպես ողջ կուսակցության ոչ սկզբունքային տեսակետ ներկայացնելը: Օրերս «կանաչների» ղեկավարությունը կորոշի անկախ հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի 1980-ականներին կուսակցության վրա մանկապիղծների ազդեցության իրական մասշտաբների սահմանմամբ:








































