Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին գտնվող Կեսոն քաղաքի շրջանի պատմական վայրերը կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության կայքին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նման որոշում է ընդունել հավակնորդների հայտերի ուսումնասիրմամբ զբաղվող Հուշարձանների ու պատմական վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից հաշվետվության ստացումից հետո: Արդյունքները կհայտարարվեն հունիսի 16-27-ը Պնոմպենում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 37-րդ ժողովի ժամանակ:
Հյուսիսային Կորեան Կեսոնի պատմական վայրերի գրանցման համար ՅՈՒՆԵՍԿՕ հայտ էր ներկայացրել դեռևս 2012 թվականին:
Կեսոն եղել է 918-1392 թվականներին իշխած Կորյո դինաստիայի օրոք կորեական պետության մայրաքաղաքը: Այնտեղ բազմաթիվ պատմական հուշարձաններ կան: 2003 թվականին Կեսոնում ստեղծվել է Հարավային Կորեայի հետ համատեղ արդյունաբերական գոտի, որը կողմերի միջև լարվածության պատճառով դադարեցրել է գործունեությունը 2013-ի ապրիլի վերջին:








































