«Հիշում եմ՝ երեխաներս փոքր էին, հարևանը մի օր եկավ մեր տուն, աղջիկս ասաց, որ տանը հաց չկա, սոված ենք, հարևանը զայրացավ ինձ վրա, որ չեմ դիմել իրեն, գնաց ուտելիք բերեց… երբեք չեմ մոռանա»,- պատմում է 4 երեխաների մայր Վերգինե Ղազարյանը:
Անցել են տարիներ, ոչինչ չի փոխվել, միայն երեխաներն են մեծացել, ու որքան մեծացել, կրկնակի անգամ հասունացել, որոշել են հոգսի տեղ հույս լինել, տրտնջալու փոխարեն` գործել:
Մեծ որդին՝ 16-ամյա Տարոնը, ստիպված դպրոցից դուրս է եկել՝ հոր հետ բանվորություն անելու, մի բանով ընտանիքին օգնելու համար: Աշնանը տերև հավաքել, գարնանը հող փորել, ծառ էտել, խնամել՝ և այսպես արդեն 2 տարի` սկսած 14 տարեկանից: Հիշում է իր վաստակած ամենամեծ գումարը` 5000 դրամ` երկու օր փոր անելու համար:
Ուսումից հարկադրված հրաժարված այս ուշիմ ու սրտաբաց տղան իրականում գիտի ուսման արժեքը, բայց, ցավոք, իր համար այլևս ուշացած համարելով՝ կարևորում է եղբոր` 4-րդ դասարանցի Տիգրանի կրթությունը: «Թող լավ սովորի դպրոցում, վերջում մի բանի կհասնի»,- վստահ ասում է նա՝ չմտածելով անգամ, որ ամենաազդեցիկ դաստիարակությունը սեփական օրինակն է:
Փոքրիկ Տիգրանն էլ, պարզվում է, արդեն փորձառություն ունի իր ունեցածը զոհաբերելու մեկ ուրիշի ուրախության համար: Պատմում է, թե ինչպես է դպրոցում ուտելիք գնելու համար մոր տված փոքրիկ գումարը խնայել, ապա ծաղիկներ գնել ու նվիրել դասընկերուհուն` Տաթևիկին: Տաթևիկը Տիգրանի արարքը գնահատել է, թե ոչ, չիմացանք, բայց Տարոնը վստահ է, որ իրեն, բացի ընտանիքի անդամներից, գնահատում ու սիրում են նաև ընկերները: «Թեև նրանք ապահովված ընտանիքներից են, բայց ինձ հետ գալիս են աշխատելու, որ մենակ չլինեմ»,- երախտագիտությամբ ասում է նա՝ ավելացնելով, որ աշխարհի ամենամեծ հարստությունը լավ ընկերներ ունենալն է:
«Դե, ում ընտանիքում ֆինանսական խնդիր չի լինում»,- ավելացնում է Գայանեն` ընտանիքի երկրորդ աղջիկը, ով հիմնականում հոգ է տանում Տիգրանի մասին, օգնում նրան դասերը պատրաստել, երբ մայրը 1000-1500 դրամի դիմաց օգնում է գյուղացիներին լավաշ թխել կամ տնային որևէ աշխատանք կատարել: «Երբ մայրիկը հիվանդանոցում պառկած էր, Տիգրանը դեռ շատ փոքր էր, ու հիմնականում ես եմ պահել նրան, մինչև հիմա էլ շատ մտերիմ ենք։ Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ մարդ լավ ընտանիք ունենա ու հենց դրանով երջանիկ լինի»,- ասում է Գայանեն:
Ոչինչ, որ Տիգրանը կոտրել է Տարոնի պատրաստած աթոռը, կարևորը որ ինքն անվնաս է մնացել և չի կոտրվել Տարոնի կահույքագործ դառնալու երազանքը: Ահա փոքրիկ սեղանը, որը նա պատրաստել է առանց որևէ մեկի օգնության` նվեր-համակարգիչը վրան դնելու համար: Անգամ ոչինչ, որ նրանց համակարգչին միացված չէ 21-րդ դարի մարդու համար կենսականորեն անհրաժեշտություն դարձած ինտերնետը: Առանց գազի, առանց սենյակներն իրարից առանձնացնող դռների, առանց խոհանոցի ծորակից գոնե երբեմն հոսող ջրի ապրող այս ընտանիքի սպասելիքները կյանքից յուրահատուկ են ու այնքան բնական, այնքան ազնիվ:
«Դե լավ կլիներ, որ գոնե մի կով ունենանք, կաթ կկթենք, հետո կովը մի հորթ կբերի, ու այդպես կամաց-կամաց մի արդյունքի կհասնենք էլի»,- ասում է տիկին Վերգինեն:
«Մի արդյունքի հասնելու» ակնկալիքով էլ Հրաչ Ղազարյանը` ընտանիքի հայրը, գրեթե ամեն օր առավոտյան վաղ դուրս է գալիս տանից, գնում բանվորություն անելու և վերադառնում է ուշ երեկոյան: Յուրաքանչյուրն այստեղ գիտի իր գործը, ինչպես օրինակ՝ ընտանիքի մեծ աղջիկը` Մարիամը, ով հարցազրույցից ավելի կարևորեց ընտանի կենդանիներին ժամանակին կերակրելը: Ու թեկուզ ոչ սեփական հարկի տակ, այլ վաղուց Ռուսաստան մեկնած բարեկամի անմխիթար տանը մի կերպ ապրող բազմազավակ այս ընտանիքի անդամներից դեռ լսվում են լավատեսության ու հույսի խոսքեր. «Երեխան տան ուրախությունն է, որքան էլ դժվար լինի, երեխաները, մեկ է, ուրախությամբ են լցնում տունը»:








































