Այսօր Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Այս տարվա մարտին օրենսդիր մարմինն արձակվել էր կառավարության ճգնաժամի պատճառով՝ հայտնում է RIA Novosti-ն:
Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 7-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 8.00-ին), ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին: Երկրում բացվել է ավելի քան 11.6 հազար ընտրատեղամաս, ևս 227-ը կաշխատեն երկրից դուրս՝ 57 երկրներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում ընտրելու իրավունք ունի 6.9 մլն մարդ:
Gallup-ի անցկացրած սոցհարցման տվյալներով՝ ընտրություններից մեկ օր առաջ առաջատարը աջ կենտրոնամետ «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցություննն էր, որը ղեկավարում է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը (24%):
Երկրորդ տեղում «Բուլղարական սոցիալիստական կուսակցությունն» է (23.6%):
Վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին փետրվարի 20-ին՝ բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել էին փետրվարի կեսերին էներգառեսուրսների գների կտրուկ բարձրացման դեմ:









































