Մեզանում ձևավորված ավանդույթ է դպրոցն ավարտելը նշել մեծ շուքով՝ ոչ միայն ընտանիքի անդամների, այլև դասընկերների հետ: Այս օրերին արդեն դպրոցների ավարտական դասարաններում գումար են հավաքում՝ դպրոցն ավարտելը ռեստորանային խնջույքով նշելու համար: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե որքան գումար են հավաքում, և որ ռեստորաններն են նախընտրում գնալ շրջանավարտները: Մեր հարցումներից պարզ դարձավ, որ յուրաքանչյուր աշակերտից հիմնականում հավաքում են 15-25 հազար դրամ: Եթե նկատի ունենանք այժմ Հայաստանում գործազրկության տոկոսը, ապա դա լուրջ թիվ է շրջանավարտների ծնողների շուրջ 40 տոկոսի համար:
Իսկ ինչ վերաբերում է ռեստորաններին, ապա շրջանավարտները հիմնականում նախընտրում են գնալ այնպիսի տեղեր, որտեղ ոչ թե աթոռի համար են վճարելու, այլ՝ վերցրած ուտելիքի: Մենք զրուցեցինք մի քանի այդպիսի ռեստորանների ներկայացուցիչների հետ, և մեզ փոխանցեցին, որ մինչև 15 հազար դրամի սահմաններում հնարավոր է գեղեցիկ ավարտական երեկո կազմակերպել: Ինչ վերաբերում է աթոռի դիմաց վճարելուն, ապա այդպիսի ռեստորաններում մեկ անձի համար աթոռն արժե 7500-11000 դրամ: Ոգելից խմիչք անչափահասներին չի տրամադրվում, շրջանավարտների համար զեղչեր չկան:











































