Մարտ ամսին կվերսկսվի մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գործի քննությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա ասաց, որ զրուցել է գործը Եվրոպական դատարան ներկայացրած փաստաբանների հետ և պարզել, որ երբ ՄԻԵԴ-ը անցած տարի սեպտեմբեր ամսին մեր կառավարության հետ սկսել է հարցուպատասխանի փուլը, կառավարությունը պաշտոնական գրություն է ուղարկել ՄԻԵԴ և մինչև մարտ ամիսը ժամանակ է խնդրել հարցերին պատասխանելու համար՝ պատճառաբանելով, որ ՄԻԵԴ-ում առկա ընդդեմ Հայաստանի այլ գործերով ծանրաբեռնված են։
«Կառավարությունը ժամանակ է խնդրել, և մարտ ամսից կվերսկսի գործի քննութունը, և այդ ժամանակ նոր կտեսնենք, թե ինչ կլինի, ինչպես կավարտվեն այդ գործերը»,- ասաց Քլոյանը։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի ներկայացրած հարցերին, թե արդյոք խախտվե՞լ է մարտի 1-ի զոհերի՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, արդյոք նրանց մահը այնպիսի ուժի գործադրման հետևա՞նք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն», արդյոք ներպետական ատյաններում քննությունն ընթացել է Կոնվենցիայի խախտումներո՞վ, և արդյոք սպառվա՞ծ են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները։
Հիշեցնեք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վաչագան Ֆարմանյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հայցը ներկայացրել է Արտակ Զեյնալյանը։ ՄԻԵԴ ներկայացված հայցով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները ճանաչեն մարտի 1-ին զոհված անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը։ Բացի դրանից՝ կյանքի իրավունքի խախտումը ճանաչելու դեպքում ենթադրվում է նաև բարոյական և նյութական վնասի հատուցում։
Հիշեցնենք նաև, որ մարտի 1-ի 10 զոհերից որևէ մեկի սպանության առթիվ ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Այն դեպքում, երբ զոհերից 3-ը մահացել են ոստիկանության կիրառած «Չերյոմուխա» զինատեսակից:
Լուսանկարը՝ Photolure-ի









































