Ինչպես նշում է Stuff.co.nz-ը, մարդու տրամադրությունը ուղեղում քիմիական տարրերի` նեյրոհաղորդիչների աշխատանքի արդյունք է: Դա մասնավորապես վերաբերում է սերոտոնինին: Օրինակ՝ հակադեպրեսանտները ուղեղում բարձրացնում են սերոտոնինի մակարդակը:
Սերոտոնինը ազդում է երջանկության զգացողության, ընկճախտի ռիսկի, սոցիալական վարքագծի, ախորժակի, քնի և հիշողության վրա: Այդ միացությունը կազմված է տրիպտոֆանից` անփոխարինելի ամինաթթվից: Դա նշանակում է, որ օրգանիզմը չի կարող տիպտոֆան արտադրել, այն պետք է ստանա սննդից: Տրիպտոֆանը պարունակվում է մսի, կաթնամթերքի, մրգերի և սերմերի մեջ:
Տրիպտոֆանի ավելցուկը այնքան էլ չի ազդում սերոտոնինի մակարդակի վրա, սակայն պակասը անմիջապես զգացվում է: Արդյունքում մարդը դառնում է ավելի գրգռվող, ագրեսիվ, թուլանում է նրա հիշողությունը և ընկնում տրամադրությունը:
Ըստ երևույթին, սննդակարգը ազդում է աղիքների միկրոֆլորայի վրա, ինչն էլ իր հերթին անմիջականորեն կապված է տրամադրության հետ: Աղեստամոքսային տրակտում ապրում են բակտերիաներ, որոնք սնվում են տրիպտոֆանով: Եթե դրանք շատ են ավելանում, զգացվում է տրիպտոֆանի պակաս:










































