Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդն այսօր որոշում է ընդունել հրապարակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փորձագետների եզրափակիչ զեկույցը։
Խորհրդի այսօրվա որոշմամբ, այսօրվանից սկսած՝ կասեցվում է 2013 թվականին Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի ուժը, որն առնչվում է Իրանի միջուկային օբյեկտների մոնիթորինգին ու վերահսկողությանը։
Այժմ այդ ամենը պետք է իրականացվի Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում։ Նիստի ժամանակ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ներկայացրել է 5 էջանոց փաստաթուղթ, որում թվարկված են միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի կատարած պարտականությունները։
Դա մասնավորապես առնչվում է Արակում ծանր ջրով աշխատող ռեակտոի միջուկի ապամոնտաժմանը, և որ այժմ Իրանը չի կարող ունենալ ավելի քան 130 տոննա ծանր ջուր։
Նաթանզի հարստացման գործարանում մնացել է 5060 ցենտրիֆուգ, որոնք հարստացնում են մինչև 3.67 տոկոսի ուրան, ինչը վերաբերում է նաև Իրանի տարածքի մնացյալ հատվածին։ Մասնագետները գործարանում տեղակայել են բարձր տեխնոլոգիական սարք, որը հնարավորություն կտա մշտական ռեժիմով հետևել տվյալ պարամետրի պահպանմանը։
Ֆորդոյի գործարանն իր հերթին վերափոխվել է և այժմ կարտադրի կայուն իզոտոպներ, ինչը նույնպես կիրականացվի ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո։ Փաստաթղթի համաձայն՝ այժմ Իրանում մնացել է մինչև 3.67 տոկոս հարստացված 300 կիլոգրամից ոչ ավելի ուրան։











































