Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ շատ տեխնոլոգիական ընկերություններ՝ ներառյալ Apple-ը, Samsung-ը և Sony-ն, ի վիճակի չեն եղել անցկացնելու հասարակ ստուգումներ՝ համոզվելու համար, որ իրենց արտադրանքում օգտագործվող հանքանյութերը չեն արդյունահանվում երեխաների կողմից:
Զեկույցի հեղինակները հետևել են, թե ինչպես են միջնորդները կոբալտ գնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանքերից, որտեղ ակտիվորեն օգտագործվում է մանկական աշխատուժը, և այն փոխանցում չինական հսկա Zhejiang Huayou Cobalt Ltd դուստր ընկերությանը: Իր հերթին Zhejiang Huayou Cobalt Ltd-ից հանքանյութ են գնում ավելի քան 10 միջազգային ընկերություններ:
Կոբալտը լիթիումային մարտկոցների հիմնական բաղադրիչն է, որի ավելի քան 50%-ը արդյունահանվում է Կոնգոյում:
Իրավապաշտպանների տվյալներով՝ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբեր առնվազն 80 մարդ է մահացել Կոնգոյի ստորգետնյա հանքերում:
Amnesty-ն նաև հավաքել է մինչև 7 տարեկան երեխաների ցուցմունքներ, ովքեր ենթադրաբար աշխատում են հանքերում:











































