ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ունի երեք քայլից բաղկացած պլան, որի առաջին քայլը՝ սահմանադրական հանրաքվեի անաղմուկ անցկացումը, ձախողվել է, և այժմ Սարգսյանը թույլ է:
Այն, որ սահմանադրական հանրաքվեի անաղմուկ անցկացումը ձախողվել է՝ ակնհայտ է: Սակայն հարց է, թե ում համար՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՀՀԿ հանրաքվեի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի, որը փաստորեն կազմակերպիչն է այդ հանրաքվեի:
Սա, իհարկե, իշխանական պլանների հարցում էական նշանակություն ունեցող հանգամանք է, որը մինչև վերջ պարզելը գոնե առայժմ շատ դժվար է: Սակայն, իհարկե, կասկած չկա, որ հանրաքվեն վկայեց իշխանական համակարգի թուլության մասին, քանի որ համակարգը աշխատեց մեծ խափանումներով, և եթե անգամ սա ներիշխանական շահերի բախման արդյունքում սաբոտաժների դրսևորում էր, ապա միևնույն է՝ արդեն իսկ նմանօրինակ իրողությունների հնարավոր լինելը վկայում է, որ իշխանական համակարգը թույլ է:
Այստեղ ողջ խնդիրն այն է, թե այս համակարգի ֆոնին ինչքանով է ուժեղ ընդդիմադիր համակարգը, և կա՞ արդյոք ընդհանրապես ընդդիմադիր համակարգ:
Այն, որ իշխանությունները թույլ են, այն, որ իշխանության պլանները տապալվում են, ձախողվում, արդյո՞ք ինքնաբերաբար նշանակում է ընդդիմության ուժեղացում: Տեխնիկապես թվում է, թե այդպես է՝ ինչքան թույլ է իշխանությունը, այնքան ուժեղանում է ընդդիմությունը: Սակայն պետք է հաշվի առնել առկա իրողությունները, նրբերանգները, կարևոր գործոնները:
Հայաստանում, երբ հասարակության մոտ ակնհայտորեն առկա է անվստահություն ընդդիմադիր ուժերի հանդեպ, ընդդիմադիր մեթոդաբանության հանդեպ, իշխանությունների ձախողումը ինքնաբերաբար չի հանգեցնում ընդդիմության ուժեղացման: Իսկ ահա հակառակը առկա է: Այսինքն՝ ընդդիմությունների անհաջողությունները ինքնաբերաբար հանգեցնում են իշխանությունների «ամրացման», քանի որ իշխանությունը առնվազն ստանում է մի վիճակ, երբ չկա իր սխալներից կամ թուլությունից օգտվող:
Եվ ըստ այդմ, շատ կարևոր է հասկանալ, որ իշխանությունների, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ իշխանական թևում որևէ մի սեգմենտի կոլեկտիվ կամ անհատական պլանների տապալման դեպքում ի՞նչ վիճակում են ընդդիմությունների պլանները, և կա՞ն նման պլաններ ընդհանրապես: Առանց դրա իշխանությունների պլանների տապալումը հասարակության համար կարող է առավելագույնը ավարտվել բարոյական հաղթանակով՝ բոլոր դեպքերում: Իսկ բարոյական հաղթանակներից հասարակությունը կշտացել է թե պատմական և թե ներքաղաքական հարցերում:
Հետևաբար հասարակության համար գլխավոր խնդիրը պետք է լինեն սեփական պլանները, սեփական անելիքները, ընդ որում՝ անկախ իշխանությունների պլանների արդյունավետությունից: Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ստագնացիոն վիճակից դուրս գալ հնարավոր է այն դեպքում, երբ հասարակական շահերը սպասարկող քաղաքական խմբերը ոչ թե ելակետ են դիտում իշխանությունների պլանների տապալումը, այլ այդ պլանների տապալումը լինում է ընդդիմադիր ուժերի, քաղաքական-քաղաքացիական այլընտրանքային խմբերի պլանների իրագործման հետևանք: Միայն այս պատճառահետևանքային վեկտորի պարագայում Հայաստանի քաղաքացիական-քաղաքական ընդդիմադիր դաշտին հնարավոր կլինի դուրս գալ շրջապտույտից և արձանագրել առաջընթաց:









































