«Բարև Երևան» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու համամասնական ցուցակի առաջին համարը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ընտություններին ամբողջական գնահատական տալու համար մի փոքր ժամանակ պետք է անցնի՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ իրականում, սակայն որոշ չափազանց ցայտուն գնահատականներ, ըստ նրա, այս պահին էլ կարելի է տալ:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` ցանկացած պարագայում ունենք այն ընտրությունը, որն ունենք. «Այստեղ ես ոչ միայն կմեղադրեմ իշխանություններին, իրենք այլ ընտրություն չեն կարող կազմակերպել. ես 2007-ից հետո այսպիսի ընտրություն չէի տեսել՝ համատարած ընտրակաշառքի բաժանում տեղամասերի առջև, կան տեղեկություններ, որ հենց տեղամասերում էլ են ընտրակաշառք բաժանել: Իրենք ասում են` մենք սա ենք, մենք պետք է գողանանք թալանենք»։
Բանախոսը խոսեց նաև այն մասին, որ իրենց ընտրողը բարեհաճ գտնվեց գումարի նկատմամբ։ «Բայց արդյո՞ք միայն քաղաքացին էր մեղավոր, իհարկե՝ ոչ։ Ավելի շատ տեսնում եմ ընդդիմության մեղքը, իրավիճակ ստեղծվեց, որ քաղաքացին հիասթափվեց, քաղաքացին հույս չունեցավ, որ ընդդիմությունը կարող է միասնական քայլ կատարել, և ցավոք սրտի, քաղաքացին տեսավ, որ ընդդիմությունն իրար դեմ է պայքարում, փոխանակ իշխանության դեմ պայքարեր, քաղաքացին պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»,– ասաց նա:
Նրա կարծիքով` «Բարև Երևան» դաշինքն այսուհետ քաղաքապետարանում ոչ միայն պետք է ներկայացնի դաշինքին ընտրածներին, այլ նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք վերցրին և գնացին քվեարկության:
Արմեն Մարտիրոսյանը նաև անրադարձավ համացանցում այսօր հայտնված հոլովակին, որտետղ ինքն ասում է, որ հարյուր հազար դոլարով իրենց փորձել են կաշառել. «Հարյուր հազարավոր դոլարներով են փորձել կաշառել, իսկ թե ով, չեմ ասի։ Ես քաղաքական գործիչ եմ, առաջարկը եղել է քաղաքական դաշտից, կառավարման համակարգից, բայց ես տեղակատվության գաղտնիությունը կպահեմ»։
Նա նշեց, որ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը չի քննարկվել, հիմա բողոքարկման ընթացք է գնում, վերահաշվարկի պրոցեսն ավարտվի կտեսնեն:
«Որպես Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործիչ` ես այն կարծիքին եմ, որ մանդատները պետք է վերցնել, անհրաժեշտ է աշխատել, ունենք դե ֆակտո իշխանություն, ունենք իրավիճակ, երբ քաղաքացին որոշակիորեն հիասթափված է քաղաքական ուժերից, մենք չպետք է պատասխանատվությունից խոսւափենք»,- ասաց նա:









































