ԱՄՆ-ը ծրագրում է հինգշաբթի Գուանտանամոյի բանտից Մերձավոր Արևելքի երկրներ ուղարկել 10 բանտարկյալների։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով երկու ամերիկացի զինվորականների։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նման քանակությամբ բանտարկյալների միաժամանակյա հանձնումը կդառնա խոշորագույնը։ Երկրները, որտեղ նրանք կփոխադրվեն, չի հաղորդվում: Չի հաղորդվում նաև կալանավորների ինքնության մասին։
Երկուշաբթի ԱՄՆ իշխանությունները Սաուդյան Արաբիա էին վերադարձրել Գուանտանամոյի բանտարկյալներից մեկին։ Խոսքը Մուհամմադ Աբդ Ալ-Ռահման Ալ-Շամրանիի մասին է, ով Գուանտանամո էր տեղափոխվել Պակիստանից՝ 2002 թվականի սկզբին։
Վերջին տվյալներով՝ զինվորական բանտում, որտեղ պահվում են ահաբեկչության մեջ կասկածվող բանտարկյալները, գտնվում է 103 կալանավոր։










































