Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է համաժողովրդական հանրաքվեի դնել պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագրի հարցը, եթե այն երբևէ ձեռք բերվի: Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Երուսաղեմում Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալթերի հետ կայացած հանդիպման ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Պլեբիցիստը, որի անցկացման անհրաժեշտությունը Նեթանյահուի հիմնական կոալիցիոն գործընկերներն առաջարկում են ամրագրել օրենսդրորեն, կարող է դառնալ ևս մեկ խոչընդոտ խաղաղության ճանապարհին՝ հաշվի առնելով հարցումների արդյունքները, համաձայն որոնց՝ աճում է շարքային իսրայելցիների դժգոհությունն արաբ հարևաններին զիջումների գնալու հարցում:
Հակամարտության կարգավորման պայմանների մասին պաղեստինա-իսրայելական երկխոսությունն ընդհատվել է ավելի քան երկու տարի առաջ: Այժմ ամերիկյան վարչակազմը վերսկսել է կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձերը:









































