Մենք գնում ենք դեպի ապահով Հայաստան: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Քննարկվել են նախընտրական քարոզչության հետ կապված հարցեր, ներքաղաքական խնդիրներ: Գործադիր մարմինը դրական գնահատեց Տարոն Մարգարյանի քարոզչության ընթացքը, ավելին ասեմ, որ գործադիր մարմնում կուսակցությունը կարևորեց ընտրությունների ժողովրդավարական ընթացքը և համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Մեր բակային հանդիպումներին մասնակցել է իննսունհինգ հազարից ավել մարդ: Մենք ընտրել էինք բակային հանդիպումները»:
Շարմազանովն, անդրադառնալով այսօր հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն տեսակետին, որ ԲՀԿ-ն գնում է հաղթանակի, ասաց. «Ցանկացած ուժ ընտրություններից առաջ այդ մասին հայտարարում է, մենք գնում ենք դեպի ապահով Հայաստան, մենք կառուցելու ենք ավելի լավ Հայաստան»:
ՀՀԿ խոսնակը, խոսելով ԲՀԿ գործիչների արտահայտած այն տեսակետից, թե Հայաստանում կա քաղաքական մոնոպոլիա, ասաց. «Կա՛մ խեղաթյուրում են, կա՛մ ամբողջական չեն արտահայտվում. ինչպե՞ս կարող են խոսել քաղաքական մոնոպոլիայից, երբ այդքան պատգամավոր ունեն խորհրդարանում։ Եթե քաղաքական մոնոպոլիա կա, չորս տարի ի՞նչ էին անում կոալիցիայում: Երեխաների ապագայի մասին մտածելուց ինչո՞ւ նախագահական ընտրություններին լռեցին և երեք ամիս անց արթնացան»:
Էդուարդ Շարմազանովը կրկին անդրադարձավ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀԱԿ կուսակցության դիմումին և ասաց, որ բացահայտ անհեթեթությունները չի մեկնաբանում:
Հավելենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում կառավարության կազմի վերաբերյալ հարց չի քննարկվել:









































