Վաճառողներ, մատուցողներ, խոհարարներ, բանվորներ` ամսական 50 հազարից օրական 5 հազար դրամ աշխատավարձով: Թափուր աշխատատեղերի նման բազմաթիվ հայտարարություններ կան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության կայքում:
Դրանք խմբավորված են ըստ տարածքային կենտրոնների, օրինակ` Շենգավիթում (Երևան) կա ավելի քան 50 բանվորի թափուր տեղ` 50 հազարից 90 հազար դրամ աշխատավարձով: Վաճառողների աշխատավարձերը ևս չեն անցնում ամսական 70-80 հազար դրամը: Մարզերում նմանատիպ աշխատանքները ավելի ցածր են վճարվում, նույնիսկ ամիսը 35 հազար դրամ` աշխատանքային շուրջօրյա գրաֆիկով (Դիլիջան):
Հատուկենտ աշխատատեղեր կան, որտեղ առաջարկվում է 150 հազար դրամից բարձր աշխատավարձ: Օրինակ` ավտոէլեկտրիկի, ավտոմեխանիկի կամ ավտոփականակագործի համար առաջարկվում է 300 հազար դրամ աշխատավարձ: Աշխատատեղերի հիմնական մասի համար, սակայն, աշխատավարձերը չեն գերազանցում ամսական 100 հազար դրամը:









































