«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստերի սկսելուն պես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու են մինչև հիմա հայ-թուրքական արձանագրությունները մնացել խորհրդարանի քննարկումների օրակարգում. «Չէ՞ որ օրերս լրացավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը և, նաև այդ հանգամանքը նկատի ունենալով, կարելի է այդ խայտառակ արձանագրությունները հանել օրակարգից»: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ, այո, արձանագրությունները գտնվում են ԱԺ օրակարգում, և ինքը որևէ լծակ չունի դրանք հանելու համար,և որ դա ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակում է, քանի որ այդ փաստաթղթերը նա է ուղարկել խորհրդարան: Զարուհի Փոստանջյանն Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեց այդ դեպքում օգտագործել պաշտոնական ու քաղաքացիական հնարավորությունները՝ հորդորելով «նախանձախնդիր» լինել և «խայտառակ արձանագրությունների» դեմ պայքարելու համար կազմակերպել հանրահավաքներ և բողոքի այլ ակցիաներ:
Զարուհի Փոստանջյանի այդ հորդորի վրա, թե՛ Հովիկ Աբրահամյանը, թե՛ ողջ դահլիճը սկսեցին ծիծաղել: ԱԺ նախագահը ծիծաղելով հակադարձեց, թե Զարուհի Փոստանջյանը հո մի լավ բան չէր հորդորի: Նա նաև ավելացրեց, որ եթե հայ-թուրքական արձանագրություններն իրականություն դառնան, ապա Հայաստանը շահած դուրս կգա և կունենա տնտեսական առաջընթաց:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ին ողջունելիս՝ դիմեց «Բարև Երևան» արտահայտությամբ, որը Երևանի ավագանու ընտրություններում նրանց դաշինքի անվանումն է: Նրանից հետո ձայնի իրավունք վերցրեց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը և հայտարարեց, որ այդ արձանագրութունները պետք չէ հանել ԱԺ օրակարգից, և դրանք կապ չունեն ապրիլի 24-ի հետ: Ըստ նրա՝ անկախ այդ արձանագրություններից՝ Հայաստանը հետամուտ է միջազգայնորեն Ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Նա նաև հայտարարեց, որ դրա վառ ապացույցն է ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունը, որին հետևեցին Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների համատեղ կոշտ հայտարարույունները: Ա Գեղամյանը նաև ավելացրեց, թե հուլիսին Թուրքիայում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ հիմնական նստաշրջանը, և ճիշտ կլիներ, որ ԱԺ-ն կոնկրետ դիրքորոշում ունենար և նստաշրջանից առաջ հայտարարություն աներ:









































