Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի հանրապետական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: Ինչպես մյուս բոլոր համայնքներում, այստեղ ևս Տարոն Մարգարյանն ասաց, որ եկել է հաշվետու լինելու:
Նա նշեց, որ եկել են ներկայացնելու իրենց նոր ծրագրերը: «Չորս տարիների ընթացքում մեր թիմն օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ, հետևողական աշխատանքի շնորհիվ բազում ծրագրեր իրականացրեց, բազում ծրագրերի հիմք դրվեց, բայց դա չի նշանակում, որ դեռ անելիքներ չկան, դեռ հազարավոր աշխատանքներ մնացել են և հազարավոր ծրագրերի հիմքը, որը դրվել է, դեռ շարունակական բնույթ է կրում: Մենք վստահ ենք, որ կարող ենք ունենալ ավելի լավ Երևան: Այս տարիների ընթացքում Երևան քաղաքում հազար բակեր են բարեկարգվել, ասֆալտապատվել, վերակառուցվել, դպրոցներ են ջեռուցվել, մանկապարտեզները դարձել են անվճար, կրթական օջախները դարձել են հարմարավետ, բայց դա չի նշանակում, որ չկան անելիքներ»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Նա իր ելույթից հետո շփվեց բնակիչների հետ, որոնցից շատերը իրենց խնդիրներով դիմեցին նրան: Բնակիչներից մեկն ասաց, որ ջրի վարձը չի կարողանում վճարել, քանի որ ջուր չի օգտագործել, բայց այսօր, չգիտես ինչպես, հազարավոր դրամների պարտքեր են կուտակվել, որը նա կանաչի վաճառելով չի կարող վճարել:
«Առաջին լրատվական»-ը երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ հարց ուղղեց քաղաքապետի թեկնածուին, սակայն նա պատասխանեց, որ պետք է շփվի քաղաքացիների հետ: Համաձայնեք՝ առնվազն անհասկանալի է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ անցկացնող քաղաքապետի թեկնածուն խուսափում է նույն համայնքում առկա խոշորագույն խնդրից, որի շուրջ համախմբվել են հազարավոր առևտրականներ:
Տարոն Մարգարյանի հանդիպումն ավարտվեց բնակիչների հետ զրույցներով: Սակայն այդպիսով բնակիչների համար «տոնը» չավարտվեց, հանդիպմանը հետևեց համերգային ծրագիր, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրի երգիչ-երգչուհիները:









































