Էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառումը պրակտիկայում դարձել է գիտական հետազոտությունների ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Այդ ոլորտում ներդրումների ծավալն աշխարհում 2014թ. կազմել է մոտ 270 մլրդ դոլար՝ 2004թ. ավելի քան 45 մլրդ դոլարի համեմատ: TASS-ի հաղորդմամբ՝ այս տվյալները հինգշաբթի օտարերկրացի լրագրողներին ներկայացրել են ԱՄՆ Էներգիայի վերականգնվող աղբյուրների ազգային լաբորատորիայի (NREL) աշխատակիցները:
«Նախկինում կառավարությունն այդ ուղղությունը ոչ շատ լուրջ էր ընկալում: Սակայն հատկապես վերջին 3 տարիներին կառավարությունը (ԱՄՆ) այդ ոլորտին մեծ ուշադրություն է դարձնում»,- նշել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության լաբորատորիայի ծրագրերի վարիչ Դենիել Բիլելլոն:
Վիճակագրության համաձայն՝ Հյուսիսային Ամերիկայում բնակչության 82%-ը ապրում է քաղաքներում: Ուստի NREL-ում ուշադրություն են դարձնում մանրուքներին, որոնք կոչված են քաղաքաբնակների կյանքն առավելագույնս հարմարավետ դարձնել: Դրանք «խելացի» շերտավարագույրներ են, որոնք ցերեկն ապահովում են շենքի բնական լուսավորությունը, բայց գիշերն արգելափակում են լույսի վառ ճառագայթները. վատ եղանակի դեպքում լույսի տարբեր աղբյուրների համադրության համակարգ:









































