Այսօր Հայաստանում լռության օր է, իսկ վաղը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը: Մինչ այդ այնքան խոսվեց «այո»-ի և «ոչ»-ի մասին, որ լռության նույնիսկ երևի թե ոչ միայն մեկ օրը, այլ մի շաբաթը անգամ հասարակությանը չօգնի ուշքի գալ «այո»-ի կամ «ոչ»-ի տեղատարափից: Այնուամենայնիվ, վաղը պետք է քվեարկել, թեև շատ հնարավոր է, որ քվեարկության կգնան ոչ բոլորը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այսպես, թե այնպես, տեղի է ունենալու պետական ողջ կյանքի, ամբողջ հասարակության համար կարևոր իրադարձություն՝ հաղթի «այո»-ն, թե «ոչ»-ը:
Վերջին հաշվով, սա լինելու է անկախ Հայաստանի քառորդդարյա ընթացքի հերթական կարևոր մի հանգրվանը, որն անկասկած իր էֆեկտն է ունենալու հասարակության կյանքում փորձառության տեսքով: Առնվազն այն էֆեկտը, որ գրեթե համազգային կամա, թե ակամա կոնսենսուսով բոլորը ուղղակի, թե անուղղակի հաստատեցին, որ Սահմանադրության այս կամ այն ձևը քիչ է, կառավարման այս կամ այն մոդելը քիչ է զարգացող, անվտանգ պետություն ունենալու համար՝ պետք է կամք, քաղաքական կամ անհատական կամք, պետք են նաև արժեքներ, քաղաքացիական, իրավական գիտակցություն, պետք են, ի վերջո, երազանքներ ու տեսլականներ: Դրանք են ուղենիշները, իսկ մնացյալը՝ ընդամենը ուղենիշների արդյունք կամ հետևանք: Եվ այս տեսանկյունից, իհարկե, դեկտեմբերի 6-ը, ըստ էության, կլինի հայ ժողովրդի, հայկական համեմատաբար երիտասարդ պետականության ուղենիշների չափման հերթական օրը:
Միևնույն ժամանակ, այս ամենին զուգահեռ՝ իրավճակը զարգանում է, իհարկե, ընդգծված քաղաքական գործընթացներով, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ իշխանական և ընդդիմադիր: Բաժանումը «այո»-ի կամ «ոչ»-ի չէ, որովհետև ընդդիմադիր դաշտում էլ կան որոշակի բաժանարար գծեր: Եվ այս տեսանկյունից դեկտեմբերի 6-ը ինչ-որ իմաստով նաև Հայաստանում քաղաքական վերադասավորումների մեկնարկ է լինելու, որը միգուցե կխթանի արագացված գործընթացներ, իսկ միգուցե նաև կբերի երկարատև դիրքային պայքարի մեկնարկի:
Ինչպես հայտնի է, Հայաստանում Ազատության հրապարակում անհնազանդության շարժում է սկսել «Նոր Հայաստան» միավորումը, որը սակայն գոնե առայժմ չունի նույնիսկ ողջ ընդդիմադիր ներկապնակի աջակցությունը: Մյուս կողմից՝ իշխանության մեջ նոր իրավիճակ է առաջացնում Սերժ Սարգսյանի ակնարկը բոլոր դեպքերում վարչապետ առաջադրվելու մտադրության մասին՝ նախագահական պաշտոնից հետո: Սա նշանակում է նաև բաժանարար գծեր իշխանության ներսում:
Խոշոր հաշվով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը ի ցույց դրեց հայաստանյան քաղաքականության կտրվածությունը հասարակական և պետական իրական, հրատապ խնդիրներից: Մյուս կողմից, սակայն, այն ի հայտ բերեց նոր բաժանարար գծեր, որոնք մի տեսանկյունից քաղաքական կյանքի անարդյունավետության կամ ապակառուցողականության տխուր վկայություն են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր «կիսագնդերում», սակայն մեկ այլ տեսանկյունից էլ չարյաց փոքրագույնն են՝ այն իմաստով, որ նման պարագայում բաժանարար նոր գծերը միգուցե գործընթացները ճահճացումից զերծ պահելու միջոց են և տալիս են շարժի գոնե նվազագույն հնարավորություն:
Ըստ էության, անցնող ժամանակաշրջանը երևի թե կարելի է որակել հայաստանյան համայնապատկերի հակասականության խտացված դրսևորման մի ժամանակաշրջան, որը դեկտեմբերի 6-ին, իհարկե, չի հանգուցալուծվելու, առավել ևս «այո»-ի կամ «ոչ»-ի միջոցով, սակայն անկասկած հասնելու է մի եզրագծի, որից այն կողմ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի նոր փուլն է, նոր տրամաբանությունը: Եվ այստեղ, իհարկե, բոլորովին կարևոր չէ՝ «այո»-ով կսկսվի այն, թե «ոչ»-ով: Պետականության քառորդդարյա ընթացքի որոշակի փուլի ներկայիս եզրագծի, մեղմ ասած, ոչ այնքան վառ արդյունքի ֆոնին կարևոր է, թե ինչով կավարտվի այդ նոր փուլը:









































