Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այս տարվա ամռանից սկսած` ադրբեջանցի զբոսաշրջիկներն ուղիղ ավիաչվերթով դեպի Հյուսիսային Կիպրոս մեկնելու հնարավորություն կստանան:
Այդ ուղիղ ավիաչվերթները մեկնարկելու են հունիսի 21-ին, շաբաթական իրականացվելու է երկու թռիչք` երեքշաբթի և ուրբաթ:
Նշվում է, որ արաբական աշխարհի վերջին զարգացումների պատճառով բոլոր զբոսաշրջիկները ձգտում են մեկնել Անթալիա, ինչի համար էլ այս տարի այնտեղ շատ բարձր գներ կտիրեն: Իսկ ահա Հյուսիսային Կիպրոսում հանգիստն առավել էժան կլինի:
Բացի այդ, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Հյուսիսային Կիպրոսում գործում են խաղատներ, ինչի պատճառով էլ զբոսաշրջիկների 15-20 տոկոսը նախընտրում է հանգստանալ հենց Հյուսիսային Կիպրոսում:
Ադրբեջանցի զբոսաշրջիկների համար Հյուսիսային Կիպրոսի զբոսաշրջային փաթեթը կարժենա ընդամենը 400 մանաթ (500 դոլար), իսկ Անթալիայի փաթեթը` մոտ 600 մանաթ (750 դոլար):
Կարելի է կարծել, որ այս ուղիղ ավիաչվերթները կհարուցեն հունական կողմի դժգոհությունը, և նա էլ իր հերթին ուղիղ ավիաչվերթներ կկազմակերպի դեպի Լեռնային Ղարաբաղ:







































