Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում (ՌՀԿ) քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Բարաք Օբամայի վարչակազմի մասնակցության խնդիրը:
Հիմնական զեկուցողների դերում են հանդես գալու Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Բրենդ Շաֆերը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի «Ռուսաստան-Եվրասիա» դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Կորի Վելտը:
Միջոցառմանը ներկա են գտնվելու ՌՀԿ-ի աշխատակիցները, քաղաքական մեկնաբաններն ու օտարազգի փորձագետները: Տեղի է ունենալու կարծիքների փոխանակում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական գործընթացների և այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում և պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում:








































