Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ծավալած գործունեությունն անվտանգության ռիսկեր է առաջացնում Թուրքիայի համար։
Էրդողանն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ զրուցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն Անթալիայում մասնակցելու է G20-ի երկրների գագաթնաժողովին։ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է սիրիական չափավոր ընդդիմությանն իր թիրախներում ընդգրկելու համար։
Էրդողանը վերստին պնդել է, որ անհրաժեշտ է Սիրիայի հյուսիսում ձևավորել անվտանգության գոտի. «Մինչ այժմ ինչ մենք ասել ենք, արդյունքում այդպես էլ եղել է։ Այժմ մեզ ոչ ասողները վաղն անխտիր ընդունում են մեր ասածը։ Որովհետև ամեն ինչ կատարվում է մեր կանխատեսածի պես»։