«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Միկան (Միքայել Վարոսյան) ուրախ տրամադրությամբ մեկնում է Սոֆյա`մասնակցելու հեղինակավոր մրցույթին:
«Ես արդեն երեք տարի մասնակցում եմ մրցույթի նախընտրական փուլերին: Իմ երազանքն այս տարի կատարվեց: Շատ ուրախ տրամադրությամբ եմ մեկնում: Արդեն լսել եմ բոլորի երգերը, շատ լավն են: Ինձ թվում է` թեժ մրցակցություն է լինելու: Բուլղարիայի մասնակցին գիտեմ, միասին նախորդ տարի մասնակցել ենք «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մանկական եվրատեսիլ- 2015»-ի հայաստանյան մասնակից Միկան:
Պատանի երգիչը գաղտնիքներ չի բացահայտում շոուի հետ կապված: «Շոուն լինելու է պարային և գունեղ; Այս տարի ռոքնռոլ ոճի երգ ենք ներկայացնում, շատ եմ հավանում»,-նշեց նա: Միկան լրագրողների հետ հանդիպմանը հետ բերել էր իր թալիսման տիկնիկ Միկային: «Ինձ համար ամենակարևորը լավ ելույթն է, իմ գրաված հորիզոնականը մրցույթի ավարտին կտեսնենք»,-հավելեց նա:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենք նոյեմբերի 15-ին մեկնելու են Սոֆիա, որտեղ նոյեմբերի 21-ին տեղի կունենա «Մանկական եվրատեսիլ- 2015»-ը:
«17 երկիր է մասնակցում, աննախադեպ թիվ է: «Մանկական եվրատեսիլ»-ը գնալով բարձրացնում է իր վարկանիշը, նույնիսկ Ավստրալիան է մասնակցում այս տարի: Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք գնալ այնտեղ: Միկայի հետ բեմում կլինեն 3 աղջիկ, ուրախ, գունեղ, պայծառ, պարային պատանեկան շոու է լինելու: Մենք ապահովելու ենք մրցույթի բարձր տրամադրությունը, քանի որ այս տարի գերակշռում են դանդաղ ստեղծագործությունները»,-նշեց Գոհար Գասպարյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ նախնական կանխատեսումները բավականին դրական են և հուսադրող: «Կարող ենք ասել, որ Միկան ուշադրության կենտրոնում է, ֆավորիտների թվում է»,-նշել է նա`հավելելով, որ երգիչը նոյեմբերի 17-ին հանդիպելու է Բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: 12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:









































