«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:
– Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ նպատակներ կարող էր հետապնդել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը՝ գալով Հայաստան:
– Դատելով առկա տեղեկատվությունից, որը բավական սահմանափակ է, կարող ենք գալ եզրակացության, որ այցը աշխատանքային է՝ որոշակի հատուկ ոչ աշխատանքային, ոչ ընթացիկ օրակարգի նշույլներով: Լավրովը ասուլիսում նշեց բոլոր թեմաները և վերջում անդրադարձավ Սիրիայի և Իրաքի իրավիճակին: Կարծում եմ՝ այս այցելությունն առաջին հերթին կապ ունի վերջին նշված հանգամանքի հետ:
– Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն առնչվել այսօր համաշխարհային կարևորության առարկա դարձած Մերձավոր Արևելքի թնջուկի հետ:
– ՀՀ-ն կարող է առնչվել բազում կողմերով, ցավոք սրտի, չի առնչվում իր պասիվ նախաձեռնողականության պատճառով, բայց հիմա ռուսները փորձում են առավել ակտիվացնել մեզ: Միակ պետությունն ենք, որ ունեք համայնք Լիբանանում, Իրաքում և Սիրիայում: Իրաքում մեր համայնքը գրեթե ոչնչացված է, թերևս միայն մի քանի տասնյակ ընտանիքներ մնացած լինեն: Բայց Սիրիայում դեռևս ունենք զգալի ներկայություն: Սիրիայի բանակը վերջին շրջանում իր առաջխաղացման ընթացքում մեծապես հենվում է նաև տեղի քրիստոնյա համայնքների վրա: Այս փուլում, երբ սիրիական բանակի ռեսուրսները գրեթե սպառման եզրին են, հայ համայնքի ներգրավվածությունը կարող է կարևոր լինել: Սա, իհարկե, ենթադրություն է, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցը կարող է կապված լինել այդ հանգամանքի հետ:
– Սա իր մեջ վտանգներ չի՞ պարունակում արդյոք՝ թիրախավորելու Հայաստանը, օրինակ, «Իսլամական պետությունն» իր թշնամի երկրների ցանկում կարող է Հայաստանը ևս ներառել:
– Այդ մտայնությունը կա ՀՀ-ի մեծաթիվ մարդկանց գլխում, այդ թվում՝ նաև իշխանական շրջանակներում, սակայն դա խորագույն մոլորություն է: Նախ մենք ԻՊ-ի թիրախում ենք՝ եթե ոչ առաջին, ապա երկրորդ պլանում: Եթե մենք գտնվում ենք այս տարածաշրջանում, լինելով քրիստոնյա ժողովուրդ, լինելով Թուրքիային և Ադրբեջանին հակառակորդ ժողովուրդ՝ կարծում ենք, որ մեր պասիվության արդյունքում հետաքրքրություն չենք ներկայացնում ոչ միայն ԻՊ-ի, այլ նաև ընդհանրապես իսլամիստական շարժումների համար, և կգան կշրջանցեն մեզ, ապա մենք խորապես մոլորվում ենք: Առաջին հերթին մեր ոչնչացմամբ շահագրգռված է Թուրքիան, որը դաշնակից է և հովանավորում է իսլամիստներին, ինչպես նաև Ադրբեջանը: Եթե մենք այս խնդրով չզբաղվենք, այս խնդիրը կզբաղվի մեզնով: Եթե ոմանց թվում է, որ հայերը հատուկ բարի վերաբերմունքի են արժանանում իսլամիստների կողմից, ապա խորապես մոլորության մեջ են: Հիշենք Քեսաբի դեպքը: Դրան հաջորդեց Դեր Զորը: Հայկական միկրոհամայնքների հետ տեղի են ունենում դեպքեր, որոնց մասին մենք չենք իմանում: Այսինքն՝ մենք բոլորովին օտար մի խավ ենք, որը, իրենց պատկերացմամբ, կա՛մ պետք է իսլամ ընդունի, կա՛մ ոչնչացվի:
– Հայտնի ճշմարտություն է, որ մեր հայրենակիցները Սիրիայում ռուսական ներկայության կողմնակից են և ոգևորված են Սիրիայում ռուսական գործողություններից: Այս տրամադրությունները չե՞ն կարող չանհանգստացնել ԻՊ-ին:
– Այսպես թե այնպես, հայ համայնքը և ընդհանրապես բոլոր ոչ սուննի համայնքները, ըստ իսլամիստական գաղափարախոսության, ենթակա են ոչնչացման: Ինչ վերաբերում է սիրիահայ համայնքի ռուսամետությանը, ապա սիրիահայ համայնքը նախ կառավարամետ է, առաջին հերթին կառավարությանն է աջակցում: Եթե մենք կարծում ենք, որ եթե չեզոք ու զգույշ լինենք, դրանով կխուսափենք հարվածից, ոչ, դրանով մեզ կդնենք նույն վիճակի մեջ, որի մեջ գտնվում էինք Ցեղասպանությունից առաջ Թուրքիայում, երբ ոչինչ չէինք անում և փորձում էինք թուրքերին սիրաշահելով կամ նրանց հետ համակեցությունը խաղաղ շարունակելով՝ մեր գոյությունը պաշտպանել: Կարծում եմ՝ ՌԴ դրդմամբ հիմա ՀՀ-ն ավելի ակտիվորեն կսկսի ներգրավվել, գուցե նաև զինել սեփական համայնքին՝ նախևառաջ ինքնապաշտպանության նպատակներով: Իրաքում, որքան տեղյակ եմ, բացարձակ անգործության ենք մատնված, մեր փոքրիկ համայնքները տեղ-տեղ քրդերի հետ են, տեղ-տեղ ասորիների թևի տակ են, այսինքն՝ ինքնուրույն գործոն չենք: Դրանով մենք, որպես պետություն, կորցնում ենք նաև մեր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Եթե պատերազմի ժամանակ գործոն չես, ապա խաղաղության ժամանակ ընդհանրապես կդադարես գործոն լինելուց:
ՌԴ-ն փորձում է մեզ ներգրավել, սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ պատերազմում առավել ակտիվ ներգրավվածությունը դրական ազդեցություն է ունենում համայնքի վրա, որովհետև, բացի ինքնապաշտպանությունից, հայ համայնքը չի կարող այլ հարցերում ներգրավվել, ինքն իրեն կամ հայկական խնդրին վնասել: Այո՛, բացառված չէ, որ բանակի կազմում եղած հայկական ստորաբաժանումները կամ հայկական խմբերը, որոնք համագործակցում են բանակի հետ, առավել ակտիվանան, բայց դա այլ խնդիր է, նրանք Սիրիայի քաղաքացիներ են և ըստ այդ երկրի օրենքի՝ պարտավոր են մասնակցել ծառայությանը բանակում:
– Հայտնի է, որ ՌԴ գործողությունները չի խրախուսում ԱՄՆ-ը, այնտեղ էլ մենք ունենք լոբբիստական խմբեր, շահեր հետապնդող հայկական կազմակերպություններ, և ԱՄՆ-ը չի կարող անտարբեր մնալ այս հեռահար նպատակների հանդեպ, և ռուսական ծրագրերը չեն կարող միայնակ մնալ Մերձավոր Արևելքում: Ինչպե՞ս են համադրվելու այս երկու գերտերությունների նպատակները:
– Ես չեմ կիսում այն տեսակետը, որն առկա է և՛ ՌԴ-ում, և՛ ԱՄՆ-ում, որ ԱՄՆ-ը, որպես ամբողջություն, ՌԴ քայլերի նկատմամբ տրամադրված է բացարձակապես բացասականորեն: Դեմոկրատների ճամբարը՝ Սպիտակ տան ճամբարը, արդեն ամերիկյան մամուլում բարձրաձայնում է, որ այսպես կոչված, սև գործը, պետք է թողնել ՌԴ-ին Սիրիայում կատարելու: Եվ ինչպես գիտենք դեկոնֆլիկտի մասին հուշագիր ստորագրեցին ԱՄՆ-ի և ՌԴ Զինված ուժերը՝ օդուժը: Դեկոնֆլիկտ նշանակում է ռազմական չհամագործակցության պայմաններում ռազմական բախումից խուսափմանն ուղղված քայլեր: Այսինքն՝ որպեսզի օդանավերը չբախվեն օդում կամ չխախտեն միմյանց միջանցքները, սկսում են համակարգել՝ համագործակցելով:
– ԼՂ հարցն այս փուլում կարգավորման ի՞նչ հանգրվանում է: Մենք տեսնում ենք հռետորաբանության ավելի ու ավելի կարծրացում Բաքվում: Տեսնում ենք անհանդուրժող հայտարարություններ. Ջեյմս Ուորլիքը կարծես թե փորձում է կանխել Մինսկի խմբի համանախագահությունից դուրս որևէ այլ հարթակում այս խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ բանաձևի կամ զեկույցի հեռանկարը: Եվ սա լրջորեն սկսել է մտահոգել Ադրբեջանին: Այս պայմաններում, երբ ԱՄՆ-ին կշտամբում են ողջ գործընթացը վիժեցնելու մեջ, արդյո՞ք հնարավոր է նախագահների հանդիպում կազմակերպել, և այս հանդիպումն ի՞նչ կարող է տալ Երևանին:
– Անհեթեթություն է այս ամենում ԱՄՆ-ին մեղադրելը, որովհետև ԱՄՆ մեղքն այս հարցում զրոյական է: Վիժեցում կա և եղել է միշտ, և վիժեցնող կողմը Ադրբեջանն է: ԼՂ խնդիրը գտնվում է լարված փուլում, և չեմ կարծում, որ ունի խաղաղ լուծման ճանապարհ, ցավոք սրտի, հատման կետեր չկան: Այո՛, Մինսկի խումբն անհրաժեշտություն է, և Ադրբեջանին ուղղված ԱՄՆ դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ այդ երկիրը փորձում է ԼՂ հակամարտության հարցը դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից, պետք է դիտարկել այն ուղեծրում, որ դրանով ԱՄՆ-ն կկորցնի վերահսկողությունը խնդրի կարգավորման հարցում: Դա ձեռնտու չէ նաև ՌԴ-ին:
– Բայց ՌԴ-ն այդպիսի հայտարարություններ չի անում:
– Որովհետև ՌԴ-ն շատ ավելի մերձ հարաբերությունների մեջ է հակամարտող երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:
– Բայց Միացյալ Նահանգներն ահռելի շահեր ունի Ադրբեջանում, ահռելի ներդրումներ ունի այնտեղ իրականացրած, և դրանք չեն կարող նաև քաղաքական արտահայտություն չունենալ:
– Այո՛, բայց ԱՄՆ-ն այդպիսի ներդրումներ և այդպիսի հարաբերություններ ունի աշխարհի բազում երկրներում, իսկ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին Ռուսաստանն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, ԱՄՆ-ն չունի այս երկու երկրների հետ: Հրապարակային հայտարարությունները հիմնականում ամերիկյան մշակույթի մասն են, որոնք ուղղորդվում են կուլիսային հսկայական աշխատանքով, իսկ Ռուսաստանը շատ հաճախ հայտարարություններից զերծ է մնում՝ գերադասելով զուտ կուլիսային աշխատանքը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ հռետորաբանությունն ուղղված է լարվածությունը մեծացնելուն: Տարածաշրջանն այրվում է, հրդեհի մեջ է, և կարծում եմ, որ Ադրբեջանը չափազանց հեռահար հաշվարկ է անում, սրել իրավիճակը՝ հարմար պահին իր ռազմական մեքենան գործի դնելու և որոշակի դիրքերի հասնելու համար:
– Այսօր այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– Այսօր չեմ տեսնում:
– Ի՞նչը կարող է փոխել իրավիճակը:
– Որևէ մեկը չգիտի: Մերձավոր Արևելքում անընդհատ ինչ-որ բան է փոխվում, տեսականորեն թեև զսպման քայլեր են կատարվում, բացառված չէ, որ Սաուդյան Արաբիան Սիրիայում իրավիճակը փոխելու համար ռազմական և ֆինանսական հուժկու ներդրումներ կատարի: ՌԴ-ն արդեն փոխում է իրավիճակը, ԱՄՆ-ն մյուս կողմից փորձում է ակտիվացնել իր հարվածները ԻՊ դիրքերի նկատմամբ, և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Կատարը, որոնք այդ իսլամիզմի աննախադեպ տեսակի արտահանողը և տվյալ տարածաշրջանում ներդրողն ու ֆինանսավորողն են, չափազանց մեծ խաղադրույք են արել և հեշտորեն խաղից դուրս չեն գալու: Թե ինչպես կզարգանա իրավիճակը տարածաշրջանում, կամ Ադրբեջանի ներսում, կամ Թուրքիայում, որևէ մեկը չի կարող կանխատեսել, որովհետև գործ ունենք չափազանց անկանխատեսելի և թեժ իրավիճակի հետ:









































