Խաղողի մթերման գրեթե ողջ գործընթացի ժամանակ տարբեր մարզերում գյուղացիները ճանապարհ էին փակում՝ նշելով, որ բերքը վազերին է մնում, վերամշակողները հրաժարվում են ընդունել:
Չնայած գյուղացիների այն պնդումներին, որ խաղողի մթերման գործընթացը կիսատ-պռատ է իրականացվել, երեկ խորհրդարանում գյուղատնտեսության նախարարը վստահեցրել է, որ մթերումների գործընթացը սահուն է անցել: Նախարարը հավելել է, որ 99 տոկոսով գյուղերում բերքահավաքն ավարտվել է: Ըստ նրա՝ թեև խաղողի մթերումների հետ կապված որոշ խնդիրներ են եղել, դրանք վերամշակողների հետ հարթել են:
Գյուղնախարարին հակադարձում է «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ասելով, որ հատկապես խաղողի մթերման գործընթացը սահուն չի անցել: Գյուղացիներն են պարտադրել թե՛ նախարարությանը, թե՛ վերամշակողներին իրենց բերքը մթերել:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ մթերումների հետ կապված ականը դեռ գարնանը կպայթի, պայթունը կանխարգելելու համար միայն Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների դռնեդուռ ընկնելը բավարար չէ:
Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ խնդիրը կարգավորելու համար կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի ու կոոպերատիվների գործունեության համար օրենսդրական դաշտը բարելավի, հատուկ ծրագրեր մշակի, որ մարդիկ գաղափարի շուրջ համախմբվեն:









































