Էլ ով, եթե ոչ արտադրողները և արտահանողները կարող են ասել, թե ինչ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը: Նրանք են, որ արդեն 10 ամսից ավելի աշխատում են նոր իրողությունների պայմաներում, և կարող են ասել՝ արդյոք այդ միությանը անդամակցելը օգնե՞լ է իրենց ավելի հեշտ և ավելի քիչ ծախսեր կատարելով իրենց ապրանքները վաճառել ԵԱՏՄ անդամ երկներում, ինչպես պնդում էին այդ միության քաղաքական կողմնակիցները, թե՞ ընդհակառակը՝ այդ միությանը անդամակցությունը հակառակ ազդեցությունն է ունեցել:
ՄԱՊ ընկերության սեփականատեր և ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ասում է, որ ԵԱՏՄ մտնելուց հետո արտահանողների վիճակը անհամեմատ վատացել է: «Եթե առաջ մեր փաստաթղթաշրջանառությունը կազմում էր 200 գ թուղթ, հիմա 3 կլիոգրամն էլ չի բավարարում, ինչքան կարելի է դիմանալ այս վիճակին: Ապրանք արտադրելու, արտահանելու ժամանակ չի մնացել, ամբողջ օրը զբաղված ենք բյուրոկրատական քաշքշուկով»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ մտնելու ժամանակ ասվում էր, որ Հայաստանում տրված ապրանքների ծագման սերտիֆիկատները պետք է հիմք ընդունվեին նաև Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Մինչդեռ իրենք այստեղ գումար են մուծում, սերտիֆիկատ են հանում, իսկ Ռուսաստանում պարզվում է, որ դրանք ուժի մեջ չեն, և պարտադրում են կրկին նույնականացման սերտիֆիկատ հանել, որը ժամանակ և գումար արժե:
«Եթե Հայաստանի տված սերտիֆիկատը Ռուսաստանում արժեք չունի, ինչի են մեզ ստիպում այստեղ սերտիֆիկատ հանել: Բայց Ռուսաստանից այստեղ բերված սերտիֆիկատները մեր երկրում անցնում են: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում 100 անուն ապրանք, Հայաստանից 10 անուն էլ չի ատահանվում: Երբ դիմում ենք համապատասխան մարմիններին, մեզ ասում են, որ ձեզանից սերտիֆիկատ չպետք է պահանջեն, որ դա ոչ թե պետական խնդիր է, այլ վարչարարության, տեղերում են սխալ վարվում սերտիֆիկատ ուզելով: Բայց արտահանողի համար ինչ կարևոր է, թե ում սխալի պատճառով են այդ սերտիֆիկատները պահանջում, փաստը մնում է փաստ, որ ապրանք արտահանողը երկու անգամ է վճարում նույն ապրանքը սերտիֆիկացնելու համար»,- բացատրեց Ալեքսան Պետրոսյանը՝ նկատելով, որ նման խնդիրներ ծագում են հիմնականում Ռուսաստանում, մինչդեռ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում նման սահմանափակումներ չկան:
Պատգամավորն ասաց, որ Ռուսաստան ապրանքներ արտահանելիս իրենք բախվում են մեկ այլ խնդրի ևս: Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց արտադրած պահածոները կամ այլ ապրանքներ չեն կարողանում իրացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում և ստիպված են լինում ապրանքը հետ վերադարձնել Հայաստան, և այդ դեպքում նրանք ենթարկվում են կրկնակի հարկման: «Լինում է, որ մարդը երկու մեքենա ապրանք է արտահանել, բայց ռուբլու կուրսը այնքան է իջել, որ այդ կուրսով ձեռնտու չէ ապրանք վաճառելը, և որոշում է հետ վերադարձնել Հայաստան, որ այստեղ դրամով վաճառի: Մարդը ապրանքը արտահանել է Ռուսաստան, այնտեղ արդեն վճարել է ավելացված արժեքի հարկը, հետ է բերում Հայաստան, այստեղ էլ են ասում, որ պետք է ԱԱՀ վճարես: Լավ, ոնց կարող է մի մաքսային միության տարածքում, որը ընդհանուր մաքսային սահման ունի, մարդը նույն ապրանքի համար երկու անգամ ԱԱՀ վճարի: Այն դեպքում, երբ ցանկացած ուրիշ երկրի դեպքում նման բան չկա, ուզում ես տար Գերմանիա հետ բեր, մի անգամ ես վճարում»,-զարմանում է մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե արդյոք ինքը որպես սեփականատեր և պատգամավոր այն եզրակացության է հանգել, որ Հայաստանի որոշումը անդամակցել ԵԱՏՄ-ին սխա՞լ էր, քանի որ այն վնասում է արտադրողներին և արտահանողներին Պետրոսյանը բացասական պատասխան տվեց. «ԵԱՏՄ-ն շատ լավ բան է, ով է ասում, թե վատ բան է, ուղղակի այդ կառույցը պետք է ճիշտ աշխատեցնել, պետք է հետևել, որ օրենքները գործեն, որ մարդիկ կարողանան իրենց ապրանքները վաճառել և ոչ թե մի անգամ տանեն տուժվեն, հիասթափվեն ու հայտնվեն այն վիճակում, որ երկրորդ, երրորդ անգամ է՛լ այդ գործով չզբաղվեն»:
Ալեքսան Պետրոսյանը ՀՀԿ խմբակցության անդամ է և, բնականաբար, չի կարող ասել, որ Հայաստանի ղեկավարության որոշումը վնասակար էր Հայաստանի տնտեսության համար: Բայց նրա նկարագրած իրավիճակները ցույց են տալիս, որ Հայաստանի արտադրողների համար այդ միությանը անդամակցելը ոչինչ չի տվել՝ բացի լրացուցիչ թղթատարությունից և լրացուցիչ ծախսերից:











































