Ռուսաստանի կողմից ավելի ճիշտ կլիներ Մագնիտսկու մահվան պատշաճ հետաքննությունն անցկացնել և մեղավորներին հայտնաբերել, ոչ թե գործել «ակն ընդ ական» սկզբունքով: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակին» տրված Մոսկվայի պատասխանը:
Ուրբաթ օրը ԱՄՆ կառավարությունը թարմացրել է Ռուսաստանի 18 բարձրաստիճան մարդկանցից կազմված «Մագնիտսկու ցուցակը», որը Կոնգրեսի կողմից ընդունվել է անցած տարվա դեկտեմբերին: Ցուցակում ներառված անձանց նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ, այդ թվում՝ մուտքի այցագրերի չտրամադրում և ԱՄՆ-ի տարածքում եղած ակտիվների սառեցում:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ամերիկացիների գործողությունները համարել է շանտաժ և ի պատասխան՝ սեփական ցուցակն է հրապարակել, որում ներառված են 18 ամերիկացիներ: Նրանց էլ կարգելվի մուտք գործել Ռուսաստան: