Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում «քարոզչություն» է անվանել ԴԱԻՇ-ի կողմնակիցների հայտարարությունները ռուսական Airbus A321 ինքնաթիռի կործանմանն իրենց մասնակցության մասին և ընդգծել է նման հայտարարությունների բացասական ազդեցությունը երկրի անվտանգության վրա:
«Քարոզչությունը, որի համաձայն՝ կործանումը տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի մեղքով, տանում է Եգիպտոսում կայունության և անվտանգության խախտման և վատացնում է երկրի իմիջը: Հավատացեք, իրավիճակը Սինայի թերակղզում մեր լիակատար վերահսկողության տակ է»,- հայտարարել է նա:
Աս-Սիսին նաև նշել է, որ կողջունի կործանման հետաքննությանը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը:
Airbus A321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռն ընկել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ, որոնք բոլորը զոհվել են:
Համացանցում հայտարարություններ էին տարածվում, որ ողբերգության պատճառը կարող էր լինել ԴԱԻՇ-ի ահաբեկչությունը:
Ավելի ուշ սկսեցին տեղեկություններ հայտնվել, որ ԴԱԻՇ-ը այդպիսի բարձրության վրա (ինքնաթիռը թռչել է մոտ 10 կմ բարձրության վրա) օբյեկտներ խփելու տեխնիկական հնարավորություն չունի: «Ռոսավիացիայում» հայտարարել են, որ աղետի հետաքննությունը նոր է սկսվել, և արտաքին ազդեցության հետևանքով ինքնաթիռի կործանման մասին հայտարարությունները հիմնված չեն փաստերի վրա:









































