Մեծ Բրիտանիայի Փրեսթոնից Ուոլթոն ընտանիքը 30.680 դոլար է ծախսել «Զոմբի ապոկալիպսիս» ոճով դեկորացիայի վրա, որով նրանք զարդարել են իրենց տունը և դրան կից տարածքը՝ հանուն Հելոուինը տոնելու: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Տան մուտքի մոտ Ուոլթոնները տեղադրել են մի քանի զոմբի կերպարներ, որոնք մարդատար ավտոմեքենա են կոտրում, և ճանապարհային նշաններ՝ «ներսում մեռածներ են» գրություններով:
Ընտանիքը Հելոուինին ընդառաջ՝ դեկորացիան ծրագրել է 10 ամիս, նմուշներից որոշներն իրենք ինքնուրույն ԱՄՆ-ից են բերել: Տան սենյակներն անվանել են «Զոմբիի տուն», «Դրակուլայի որջ», «Սատանային վտարելու համար սենյակ», «Ուրվականների կառնավալ»: Դրանցում կարելի է տեսնել սարսափելի ծաղրածուի կերպար, անեծք կարդացող կախարդների, արյունով ցողված լոգասենյակում «Պիլա» սարսափ-ֆիլմաշարից տիկնիկ՝ եռանիվ հեծանվի վրա:
Ամեն տարի Հելոուինին Ուոլթոնների տունը վերածվում է «Ահաբեկության տան»՝ դուռը բացելով բոլոր ցանկացողների առջև: Այս տարի սարսափելի ցուցահանդեսի մուտքն անվճար է եղել, սակայն այցելուներին խնդրել են նվիրատվություններ անել քաղցկեղային հիվանդությունների հետազոտության օգտին:
Ընտանիքի 48-ամյա հայր և բիզնեսմեն Քրիս Ուոլթոնի խոսքով՝ ինքն իրեն մեծ երեխա է զգում և սիրում է դեկորացիաներ: Նրա խոսքով՝ իր տան հյուրերին ամենից շատ վախեցնում են ծաղրածուները:



















































