«Ինտերնետային լրատվամիջոցներն ի հայտ եկան և սկսեցին գործել այն ժամանակ, երբ Հայաստանը համագործակցում էր միջազգային կառույցների հետ և բնականաբար չէր կարող ներդնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք համացանցի զարգացմանը կխանգարեին: Առայժմ այդ բավականին բարենպաստ իրավիճակը մնում է, և դրանով է բացատրվում, թե ինչու է «Ֆրիդոմ հաուսի» վարկանշային զեկույցում Հայաստանը բարձր տեղ զբաղեցնում՝ առաջ անցնելով ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից, անգամ Ռուսաստանից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ինտերնետային տիրույթում մամուլն ազատ է, իսկ հեռուստատեսության մասին նույնն ասել չենք կարող, դա, ըստ Բ. Նավասարդյանի, բացատրվում է նրանով, որ «կա մի ընդհանուր գնահատական, ըստ որի՝ հենց հեռուստատեսությունն է առավել ազդեցիկ զանգվածների վրա քաղաքական ազդեցություն իրականացնելու առումով: Եվ դա է պատճառը, որ հեռուստատեսությունը միշտ քաղաքական վերնախավի հսկողության տակ է»:
Անդրադառնալով Հայաստանում մամուլի հանդեպ վստահության պակասին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց. «Լրատվամիջոցների մեծ մասը իրենց գոյությունը կարողանում են պահպանել միայն եթե ֆինանսավորվում են քաղաքական շրջանակներից կամ օլիգարխական շրջանակներից: Բնակչությունը կարող է վստահել մեկ տարի, երկու տարի, բայց ի վերջո հասկանում է, որ այն, ինչ իրեն մատուցվում է, դա ոչ թե ազատ տեղեկությունների տարածում է, այլ սահմանափակ բովանդակությամբ ինֆորմացիայի տրամադրում է, և դա չի կարող նպաստել, որ լրատվամիջոցների նկատմամբ վստահությունն աճի»:
Մանրամասները՝ տեսանյութում: