Ըստ համաշխարհային բանկի Doing Business 2016 զեկույցի՝ Հայաստանը բիզնես սկսելու առումով աշխարհի 189 երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Մեր երկրում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է ընդամենը 3 օր:
Այո, Հայաստնում հեշտ է բիզնեսի մեկնարկի գործընթացը, սա ինքնին դրական է, սակայն գաղտնիք չէ, որ դրա զարգացման, արդյունավետության ու տևողության համար պայմանները, մեղմ ասած, այդքան էլ նպաստավոր չեն, հատկապես խոշոր բիզնեսի համար: Այստեղ առաջանում է մեկ հարց՝ ինչ է թաքնված այս վիճակագրական տվյալների ու բարձր հորիզոնականների ետևում իրականում:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում, ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից կրճատվել է մինչև 3-ը: Այս ցուցիչով մեր երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
Այս առաջընթացի մասին աղաղակող փաստերից հետո, մենք շրջեցինք Երևանի ամենաբանուկ, ասել է թե բիզնեսի համար նպաստավոր փողոցներով:
Ամեն քայլափոխին գործող, բայց վաճառվող կամ վարձով տրվող, ու արդեն փակված բազմաթիվ տարածքներ: Սա կարող է փաստել մեկ բանի մասին, եթե Հայաստանում հեշտ է բիզնես սկսել ու ԵՏՄ-ից արդեն դյուրացված եղանակով որևէ ապրանք ներկրել, ապա դրա հետագա առաջընթացը մեծ հարցականի տակ է, իսկ փակման ժամկետը կանխատեսելի:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով Doing Business 2016 զեկույցին, փաստեց՝ զեկույցում խոսվում է միայն բիզնես սկսելու գործընթացի մասին, ինչը դրա հետագա զարգացման երաշխիք համարվել չի կարող: Պատճառներն ըստ միության նախագահի շատ են. կոռուպցիա, հարկային ճնշումներ, մենաշնորհներ: Այս ռիսկերը նվազեցնում են թե՛ նոր բիզնես հիմնելու ցանկությունը, թե՛ օտարերկրյա ներդրումների հավանականությունը:
Գործարար Աբրահամ Աբրահամյանն արդեն 11-րդ տարին է զբաղվում է ավտոմատացված դռների ու դարակաշարերի ներմուծմամբ: Այսօր, սակայն ստիպված է տարածքի մի մասը վարձակալության հանձնել. ասում է՝ եկամուտներն են նվազել: Գործարարի համար ամենամեծ խնդիրն այսօր կապված է ներմուծված ապրանքի մաքսազերծման հետ, սակայն հարկայինն էլ քիչ խնդիրներ չի ստեղծում:
Այս ամենից կարելի գալ միայն մեկ եզրակացության՝ Հայաստանում բիզնես սկսելը հեշտ է՝ ապագան անհայտ:







































