Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը մտավախություն ունի, որ Պաղեստինում իրավիճակը կվատթարանա՝ նաև սրբազան օբյեկտների ստատուս քվոյի պահպանման պարտականություններին չհետևելու պատճառով: Այս մասին նա հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից առաջ՝ գրում է RIA Novosti-ն:
«Նյու Յորքում բարձրացված ուղիղ հարցերից մեկը, որը ես բարձրացրել եմ նաև պարոն Քերիի հետ հանդիպմանը, այն է, որ իրադրությունն այժմ ծայրահեղ լուրջ է և ծանր, և այն կարող է նույնիսկ վատթարանալ. դա է ինձ մտահոգում: Հիմնական պատճառներից մեկը Իսրայելի կողմից ստատուս քվոյին չհետևելու և այդ պարտականությունների ստանձնումից հրաժարումն է»,- ասել է Աբասը: Նրա խոսքով՝ «դա փոխելու փորձեր կան, մասնավորապես՝ դա վերաբերում է Ալ-Ակսա մզկիթին»:
Նա նաև նշել է, որ Պաղեստինը ձգտում է «վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ՝ վերաբնակեցման ակտիվության ամբողջական դադարեցման հիմքով, քանի դեռ լուծումը չի գտնվել»:
«Մենք շատ վշտացած ենք մեր հողի վրա հեղվող արյամբ և պահանջում ու կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի վերաբնակեցման ակտիվությունը, դադարեցվի Ալ-Ակսա ներխուժումն ու վերսկսվեն բանակցությունները»,- հավելել է Աբասը:








































