Հորդանանի կառավարությունը դիմել է դոնոր երկրներին՝ սիրիացի փախստականներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար 355 մլն դոլար հատկացնելու խնդրանքով: Սիրիացի փախստականների թիվը թագավորությունում, իշխանությունների տվյալներով՝ անցած շաբաթ գերազանցել է 475 հազարը, իսկ մինչև տարեվերջ կարող է հասնել1.5 միլիոնի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հորդանանի առողջապահության նախարար Մաջալլի Մհեյլանը հիշեցրել է, որ փախստականների մեծ մասը՝ մոտ 250 հազարը, երեխաներ են: Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը չի դիմանում աճող ծանրաբեռնվածությանը:
«Փախստականների հոսքը գերազանցում է առկա ռեսուրսները, ստացվոմ են համաճարակների տարածման սպառնալիքի մասին վտանգավոր ազդանշաններ»,- ասել է պաշտոնյան:
Մհեյլանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ իրենք փորձում են սանիտարա-համաճարակային գնահատական տալ «Զաատարի» ճամբարում տիրող վիճակին: Այդ ճամբարում է կենտրոնացած փախստականների զգալի մասը: Այնտեղ գրանցվել են տուբերկուլյոզով հիվանդացության դեպքեր:
«Իրադրությունը, որը օրեցօր վատթարանում է, հրատապ միջոցառումներ է պահանջում»,- հայտարարել է նախարարը:








































