«Ալ-Քաիդայի» իրաքյան թևը միավորվել է սիրիական ընդդիմադիր «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման հետ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով խմբավորման հետ կապ ունեցող ինտերնետային կայքին:
2012-ի վերջին ԱՄՆ-ը «Ջաբհաթ Ալ-Նուսրան» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ հայտարարելով, որ խմբավորումը կապված է «Ալ-Քաիդայի» հետ և կանգնած է սիրիական կառավարական օբյեկտների մոտ տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևում:
«Ջաբհաթ Ալ-Նուսրան» նախկինում պաշտոնապես չի հայտարարել, որ միջազգային ահաբեկչական կազմակերպության մաս է:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նման հայտարարությունը կարող է բարդացնել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը:
Երեքշաբթի «Ալ-Քաիդայի» իրաքյան թևի առաջնորդը խոստովանել է սիրիական ընդդիմության հետ կապը: Նա հայտարարել է, որ իր կազմակերպությունը Սիրիայում պայքարում է իսլամական պետության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը նախազգուշացրել էր, որ «Ալ-Քաիդայի» զինված ահաբեկիչների թիվը սիրիական ընդդիմության շարքերում աճում է:









































