Ազատության հրապարակում մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության տարածած հաղորդագրությանը՝ ասելով, որ եթե ոստիկանությունը այդքան նվիրված է Սահմանադրությանը, ուրեմն պետք է կենտրոնանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նա նաև ասաց, որ ինքը ՀՀ ոստիկանությանը և նրա ղեկավարին վաղուց արդեն լուրջ չի վերաբերվում:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ առիթն օգտագործելով՝ ուզում է հաղորդում տարածել հանցագործության մասին, որ 2008-ին
Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանն են իրականացրել:
«Եթե Վովա Գասպարյանը տեղյակ չէ, հաղորդեմ, որ 2008-ին տասը հոգի են սպանվել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀ քաղաքացին այսօր Ազատության հրապարակում իրացնում է իր իրավունքը:
«Չեմ հասկանում՝ նրանց համար տոնական օր պետք է լիներ, ինչո՞ւ են այդքան լարված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Ազատության հրապարակում գտնվողները ոչ այնքան քաղաքական, որքան անձնական, ընտանեկան որոշում են կայացրել:
«Հայտնի հարցազրույցում, պարոն Սարգսյան, պիտակներ էիք կպցնում, պարոն Սերժ Սարգսյան, ո՞ւր են ձեր ընտրողները՝ ջրցան մեքենանե՞րն են ձեր ընտրողները, օլիգարխնե՞րը, կոռումպացված չինովնիկնե՞րը: Վլադիմիր Գասպարյանին խորհուրդ եմ տալիս զբաղվել հանցագործության դեմ պայքարով»,- ասաց նա:
Վերջում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինքն այստեղ է իր ընտանիքի և երեք երեխաների հետ, և եկել է ասելու, որ ինքը Սերժ Սարգսյան անունով նախագահ չի ճանաչում:









































