29-ամյա լուսանկարիչ Պիեռ Բորգին, որին 2012-ի նոյեմբերին առևանգել էին Աֆղանստանում, կարողացել է ինքնուրույն դուրս գալ փակ հորից, որում նրան պահել են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին:
Ապրիլի 7-ի երեկոյան ֆրանսիացին հասել է Վարդակ գավառի հսկիչ անցակետ, որը վերահսկում են կառավարական զորքերը: Այնտեղից նրան հաջորդ օրը տեղափոխել են մայրաքաղաք և փոխանցել ֆրանսիական դեսպանատան աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ չորս զինված անձինք Բորգիին առևանգել էին նոյեմբերի 28-ին՝ Քաբուլում:
Իշխանությունների կարծիքով՝ ֆրանսիացուն կարող էին առևանգած լինել հանցավոր խմբավորման անդամները, որոնք այնուհետև նրան վաճառել են «Թալիբան» շարժման գրոհայիններին:
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ապրիլի 8-ին գերությունից ազատվել է ևս մեկ ֆրանսիացի: Նրա անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ նա 30-ամյա տղամարդ է, որն աշխատում էր ֆրանսիական ոչ կառավարական կազմակերպությունում: Նրան առևանգել էին 2013-ի հունվարին՝ Քաբուլում, աշխատանքի գնալիս: Նրա առևանգման պատասխանատվությունը ոչ ոք չէր ստանձնել: ՆԳՆ-ի տվյալներով՝ տղամարդուն ազատ են արձակել անձամբ առևանգողները: Չի հաղորդվում՝ նրա համար փրկագին վճարվե՞լ է, թե՞ ոչ:









































