Ցավալի է, որ Րաֆֆիի երեկվա ասածն այսօր ուժի մեջ չէ: Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերին և ապրիլի 9-ին կայանալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը:
Նրա կարծիքով՝ որքան էլ ինքը փորձի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները լուրջ ենթատեքստում դիտարկել, չի կարող, որովհետև այն քաղաքական գործունեությունը, որը ծավալվեց ՀՀ-ում անմիջապես փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, կարելի է պարզապես նմանեցնել թատերական ներկայացման՝ ոչ թե այն պատճառով, որ խոսակցություններ կան, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական պայմանավորվածություններ ունի իշխանության հետ, այլ իր ոչ քաղաքական, անորոշ քայլերի և փոփոխականության պատճառով: Ռուդիկ Հովսեփյանը նշեց՝ երբ քաղաքական գործիչը խոսք է ասում, ապա ինքը պատասխանատու է այդ խոսքի համար: Իսկ մենք, նրա խոսքով, տեսնում ենք, որ հացադուլը դառնում է ծոմ, առավոտյան պետք է երդմնակալի, բայց ստացվում է, որ Նոր Հայաստանը պետք է երդմնակալի և այլն:
«Ես մեկ բան եմ ուզում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը նոր կոչվել: Հայաստանը կարող է մեկ իշխանություն ունենալ: ՀՀ-ին, որը աշխարհի ամենահին երկրներից մեկն է, չպետք է ասել Նոր Հայաստան և դա ներկայացնել իբրև ճիշտ քաղաքական ճանապարհ: Ես կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքական ճանապարհ չէ: Ցավում եմ, որ ՀՀ-ում արդեն երկրորդ անգամ ընդդիմությունը և ժողովուրդը դուրս են գալիս և չեն օգտվում ստեղծված իրավիճակից, չեն կարողանում պայքարը մինչև վերջ տանել»,- նշեց ամերիկահայը:
Վերջինիս համոզմամբ՝ այս գործընթացներին անլրջություն է հաղորդում այն, որ «Ժառանգության» առաջնորդը չի ասում, թե ինչ ճանապարհով է շարժվելու ժողովուրդը, ինչին պետք է հավատա, իսկ եթե ասում է, ապա դա անընդհատ փոփոխության է ենթարկվում, ինչի արդյունքում ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասածն այսօր ուժի մեջ չէ:
Ամերիկահայ մեկնաբանը սխալ է համարում նաև այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե վաղը լինելու է Նոր Հայաստանի երդմնակալությունը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փոխարեն: Նրա գնահատմամբ՝ սխալ էր նաև Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզելը, քանի որ, նրա համոզմամբ, մեզ համակարգային փոփոխություն է պետք և ոչ՝ անձերի, որոնք ոչինչ փոխել չեն կարող:
«Այստեղ է, որ չեմ կարողանում տեսնել ճիշտ քաղաքական ճանապարհը: Ես համակարգային փոփոխությունը պատկերացնում էի այսպես. ամբողջ ընդդիմությունը միանար և ստեղծեր այն իրավիճակը, որը ստեղծվել էր 2008թ. ընտրություններից հետո, երբ իշխանությունը մազից էր կախված: Այսօր ես այդ իրավիճակը չեմ տեսնում՝ ավելի շատ այն պատճառով, որ տեսնում եմ, թե ինչպես է ընդդիմությունն ընդդիմության դեմ պայքարում»,- ցավով ասաց Ռուդիկ Հովսեփյանը` հավելելով, որ ամեն ինչ կարելի է հասկանալ միայն նրանից, որ ՀԱԿԿ-ն իր հաղթանակը տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանի պարտության մեջ:
Ավարտելով իր խոսքը՝ նա ասաց, որ ապրում է աշխարհի ամենաժողովրդավարական պետություններից մեկում, որտեղ մի շատ ճիշտ օրենք կա՝ նախագահ կարող է դառնալ ԱՄՆ-ում ծնված նախագահի թեկնածուն: Ռուդիկ Հովսեփյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ում կայանալիք հերթական նախագահական ընտրություններին այդ օրենքը Հայաստանում ևս կկիրառվի:








































