«Սիրիայի բարեկամներ» խմբի առանցքային երկրների հերթական հանդիպումը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով թուրքական «Աքշամ» թերթը:
Թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների ժամանակ: Ջոն Քերին Ստամբուլ է այցելել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների շրջագայության շրջանակներում:
Թերթը մեջբերում է Դավութօղլուին, որը Քերիի հետ հանդիպմանն ասել է, որ մարտին Սիրիայում բռնությունը հասել է գագաթնակետին, և միջազգային հանրության անգործությունը «Բաշար Ալ-Ասադի վարչակարգն ու Բաաս կուսակցությունն ավելի համաձակ է դարձնում»: Այս կապակցությամբ նա առաջարկել է Ստամբուլում հրավիրել «Սիրիայի բարեկամներ» խմբի առանցքային երկրների հանդիպում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ որոշումներ մշակելու համար:
Քերին աջակցել է թուրքական կողմի նախաձեռնությունը, և կողմերը համաձայնել են հանդիպումն անցկացնել մինչև ապրիլի վերջը՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, ԱՊԼ ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարբերականի տվյալներով՝ հանդիպմանը մասնավորապես քննարկվելու է Սիրիայի զինված ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն հանելու հարցը:
Թուրքիայի ԱԳՆ-ը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը:











































