Համացանցում հրապարակվել է գաղտնի փաստաթղթերի հավաքածու, որոնցից երևում է, որ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՄՆ ռազմական գործողությունները շատ անարդյունավետ են: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Աֆղանստանում, Եմենում և Սոմալիում ԱՄՆ անօդաչու սարքերի կիրառման դեպքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի վերաբերյալ վիճակագրություն պարունակող փաստաթղթերը համացանցում են հայտնվել հոկտեմբերի 16-ին:
Փաստաթղթերում նաև նկարագրվում է անօդաչուների հարվածների համար թիրախների ընտրության սկզբունքը և հարվածի վերաբերյալ հրամանատարության՝ ընդհուպ մինչև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման ընդունման գործընթացը:
Նյութերը թվագրված են 2013թ.: Ինչպես նշում են դրանք հրապարակած The Intercept կայքի հեղինակները՝ դրանք ստացվել են Պենտագոնի պաշտոնյայից:
Ինչպես պնդում են հեղինակները՝ թիրախներ ընտրելիս ԱՄՆ-ը հաճախ առաջնորդվում է միայն հատվածական տեղեկությամբ, ինչը հանգեցնում է անմեղ մարդկանց մահվան: Այսպես, թղթերից հետևում է, օրինակ, որ 2012թ. հունվարից 2013թ. փետրվար Աֆղանստանում արշավի ժամանակ անօդաչուների սպանած 200 մարդուց միայն 35-ն է իսկապես պատկանել ծայրահեղական խմբավորումների և վտանգ ներկայացրել:








































