Հայաստանում կանանց մահացության դեպքերը հիմնականում կապված են կրծքագեղձի, արգանդի պարանոցի, վահանաձև գեղձի քաղցկեղի հետ: Կայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ եթե կինը տարին մեկ անգամ հետազոտվի, նախաքաղցկեղային վիճակում բացահայտվի հիվանդությունը և բուժվի, ապա կտրականապես կնվազեն մահացության դեպքերը:
«Ցավոք, մեզանում տարածված է այն տեսակետը, որ քաղցկեղն անբուժելի է, և վերջ: Սակայն չբուժվող հիվանդություն չկա, եթե այն ժամանակին հայտնաբերվի»,- ասաց Խ. Հակոբյանը:
Ինչպես փաստեց տիկին Հակոբյանը՝ կենտրոնի գերհագեցած սարքավորումների միջոցով կարելի է տեսնել անգամ աղի հատիկի մեծության քաղցկեղածին բջիջը: Մինչ օրս կենտրոնում կատարվել է 166.307 կանանց կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն, որոնցից 7004-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:
Կենտրոնի գինեկոլոգ Մարինա Ոսկանյանն էլ նշեց, որ արգանդի պարանոցի քաղցկեղը ևս կնոջ թշնամին է, չնայած նրան, որ այն շատ հեշտությամբ է հայտնաբերվում, և նախաքաղցկեղային վիճակում հնարավոր է վիրահատել և առանց կեսարյան հատման ծննդաբերել. «Ցավոք, մեզանում դեռ կան արգանդի պարանոցի բարդացման դեպքեր: Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային փուլը առանց բարձրորակ սարքավորումների, քսուքի միջոցով կատարելով բջջային հետազոտություն, կարելի է հայտնաբերել»:
Գինեկոլոգն ասաց, որ կանանց շրջանում հանդիպում են նաև բարորակ ուռուցքներ, հատկապես՝ արգանդի միոման, ինչը ամբողջությամբ բուժելի հիվանդություն է: Տարածված են նաև սեռական ճանապարհով տարածվող վարակներ, որոնց պատճառը հիմնականում կանանց ամուսինների արտագնա աշխատանքն է:
Նշենք նաև, որ կենտրոնը գործում է 1997 թվականից՝ ամերիկահայ բարերար Ռիտա Պալեանի և այդ շրջանում ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Կենտրոնը կատարում է նաև այցելություններ մարզեր, որտեղ կանանց ծանոթացնում է հաճախ հանդիպող հիվանդություններին, կատարում է հետազոտություններ: Իսկ որոշակի կատեգորիա ունեցող անձանց համար հետազոտություններն անվճար են:











































