ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 9-ին մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասէլ է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վ. Սողոմոնյանը: Հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից Ռ. Քոչարյանը հրավեր ստացե՞լ է, Վ. Սողոմոնյանը պատասխանեց. «Բնականաբար, հրավիրել են»:
Հիշեցնենք, որ վաղը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում կերդվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Galatv.am-ը Վ. Սողոմանյանի մեկնաբանությունն է խնդրել նաև օրերս մամուլում տեղ գտած այն հրապարակումների մասին, համաձայն որոնց ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն «Առավոտի» հետ զրույցում հայտարարել էր, որ ՌԴ այդ կազմակերպության տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են մեր երկրի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին, որոնց մեջ հիշատակվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի անունը, և որ համաձայնություն կա այդ փաստերը մոտ օրերս հրապարակային դարձնելու վերաբերյալ: Այդ հրապարակումներում առանձին շեշտվում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ» կարճ ժամանակահատվածում կարողացել է միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ էին դրանք, Վ. Սողոմոնյանն արձագանքել է. «Կարծում եմ, դուք ավելի լավ գիտեք դրանք ինչ լուրեր էին, ես ժամանակ չեմ ուզում ծախսել»:
ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե պաշտոնական որևէ հայտարարություն Ռ. Քոչարյանի գրասենյակից չի արվել այդ հրապարակումների կապակցությամբ, հատկապես, որ մի քանի օր շարունակ լրատվամիջոցները անդրադառնում էին այդ մասին լուրերին, Վ. Սողոմոյանն ասել է. «Ես շատ ուրախ եմ նրանց համար: Ինչ անդրադառնամ, եթե այդտեղ կես գրամ ճշմարտություն անգամ չկա»:









































