Ուկրաինայի պետական ուղղիչ ծառայությունն իրականացրել է նախագահի՝ ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին ներում շնորհելու հրամանագիրը: Նախկին նախարարն ազատ է արձակվել բանտից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը:
«Այսօր (կիրակի) նախագահի կարգադրությունը՝ ներում շնորհելու մի քանի բանտարկյալների, լիովին կատարվել է, բոլոր դատապարտվածները ազատվել են պատժի կրումից, անցկացվել են անհրաժեշտ հաշվարկներ, բացատրվել իրավունքները, տրամադրվել է անհրաժեշտ բազմակողմանի օգնություն»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր էր ստորագրել 6 դատապարտվածների ներման մասին: Նրանց թվում էին ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն և շրջակա միջավայրի պաշտպանության նախկին նախարար Գեորգի Ֆիլիպչուկը:








































