Ամերիկացի տեսուչների խումբն ապրիլի 7-13-ը СН-130Н օդանավով կիրականացնի դիտորդական թռիչքներ Ռուսաստանի տարածքի վրայով՝ Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
СН-130Н մոդելը նախատեսված չէ սպառազինության տեղակայման համար, այնտեղ գտնվում են հետախուզական սարքավորումներ, որոնք միջազգային քննություն են անցել: Թռիչքը կիրականացվի ՌԴ-ի հետ համաձայնեցված երթուղով: Օդանավում ամերկացի գործընկերներին կուղեկցեն ռուս մասնագետները:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին, Հելսինկիում՝ ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից: Փաստաթուղթը թույլ է տալիս անդամներին միմյանց տարածքի գլխավերևում թռիչքներ իրականացնել: Ներկայում պայմանագրի մասնակից է հանդիսանում 34 պետություն: Ռուսաստանն այն վավերացրել է 2001 թվականի մայիսի 26-ին:







































