Ֆրանսիայում սկանդալ է հասունանում աճուրդում նացիստական համակենտրոնացման ճամբարի կալանավորի հատուկ հագուստը վաճառելու փորձի պատճառով: Ինչպես այսօր գրել է Le Figaro թերթի կայքը, հասարակության վրդովմունքի պատճառ դարձած լոտը, որն աճուրդի էր հանել «Դելորմ էնդ Քոլին դյու Բոկաժ» աճուրդի տունը, պետք է վաճառվեր ապրիլի 9-ին, սակայն մի քանի ժամ անց հեռացվել է վաճառքից:
Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ կալանավորի հագուստը իրենց է տրամադրել մահացած ֆրանսիացի կալանավորի եղբայրը: Ավելի քան 70 տարի հագուստը խնամքով պահվել է պահարանում: Ընդ որում՝ հանգուցյալի ազգականները նախ փորձել են այն հանձնել Հոլոքոսթի զոհերի հիշատակի ֆրանսիական ասոցիացիա, սակայն նրանց մերժել են, քանի որ այն համակենտրոնացման ճամբարում կրել էր մարդ, ով այնտեղ էր հայտնվել քաղաքական, այլ ոչ թե հրեա լինելու պատճառով:
Լոտի նախնական գինը կազմել էր 400-600 եվրո:
Երբ աճուրդի կատալոգը հայտնվել էր համացանցում, լոտի նկարագրությունը բուռն արձագանք էր առաջացրել համացանցից օգտվողների շրջանում: Քննադատությունների տարափի ներքո աճուրդի տունը կալանավորի հագուստը վաճառքից հանել էր:










































