Վրաստանն ու ՆԱՏՕ-ն վստահորեն շարժվում են միմյանց ընդառաջ։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտպանության նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հանդիպման արդյունքներով՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ատլանտյան ձգտումներին։
Վրաստանին ավելի մեծ առաջընթաց է պետք բարեփոխումների ոլորտում ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ մասնավորեցնելով օրենքի գերակայության ապահովման և դատական համակարգի անկախության ոլորտները։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն միջոց կգտնի ճանաչելու Վրաստանի հաջողությունները բարեփոխումների ճանապարհին՝ ինչպես դեկտեմբերին կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը, այնպես էլ 2016-ին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին։
«Վրաստանը ճիշտ ուղու վրա է, սակայն և՛ Վրաստանը, և՛ դաշինքը պետք է նաև կատարեն իրենց տնային աշխատանքը՝ մինչ այդ հանդիպումները»,- ասել է նա։









































