«Նաիրիտ» գործարանի վերագործարկումը հնարավոր չէ, և ինչքան էլ պատվիրակություններ գան, գործարանը չի աշխատի: Նման համոզմունք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը:
Նա հավանական համարեց, որ ի վերջո «Նաիրիտը» սնանկ կհայտարարեն. «Չգիտեմ նման միջոցներ ով ունի, ինչքան պետք է ներդնեն, էդ ով է ներդնելու, որ գործարանը աշխատացնեն: Եթե պետք է այդ գործարանը ացետիլենային տեխնոլոգիայով աշխատացնեն, ոչ մի ներդրում իրեն չի արդարացնի: Իսկ բութադիեն հնարավոր չի բերել, Ռուսաստանում չկա։ Սումգայիթում կար, որտեղից բերել հնարավոր չի: Ուրեմն անհնար է լինելու ինչ-որ բան անել»:
Ըստ Գ. Ներսիսյանի՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությունն ավելի շուտ եկել էր փորձեր իրենց փողերին տեր կանգնել: Բայց, նրա կարծիքով, «էդ փողերը վաղուց օֆշորային գոտիներում են» ու վերադարձնելու հնար չկա:
Գ. Ներսիսյանի խոսքերով՝ գործարանը, որպես մետաղի ջարդոն, մոտ 300 մլն կգնահատվի, իսկ «Նաիրիտի» սնանկացման դեպքում ընկերության պարտքերը կմնան պետության ուսերին:
Հիշեցնենք, որ Միջպետական բանկը 2006 թ. 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել «Նաիրիտի» արդեն նախկին կառավարիչ բրիտանական Rhinoville Property Limited ընկերության համար, իսկ մինչև 2011 թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել: Որպես երաշխավոր հանդես էր եկել Հայաստանի Հանրապետությունը: Միջպետական բանկը, Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշմամբ, հայկական կողմից պահանջում է 25 միլիոն դոլար, որից շուրջ 17 մլն-ը վարկի օգտագործման տոկոսների, իսկ 8 մլն-ը` տուգանքների համար:










































