Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հարցապնդում է ներկայացրել ՀՀ կառավարությանը վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության, հասարակության կողմից ձևավորված անվստահության, աղքատության խորացման և ապագայի նկատմամբ անվստահության հետ կապված:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ իրենք նաև հարցադրում են ներկայացրել, թե բացի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ստեղծած դժվարությունից, կառավարությունն իր մեղքի բաժինը տեսնո՞ւմ է ստեղծված պայմանների համար և ի՞նչ է նախատեսում, որպեսզի իրավիճակը փոփոխվի:
«Այս պահին ասել, որ միանշանակ անվստահություն ենք հայտնելու կառավարությանը` ճիշտ չէ, որովհետև միգուցե տարբեր փաստարկներ բերվեն, կամ տարբեր նոր ծրագրերի մասին խոսք գնա, ինչին ես անձամբ կասկածում եմ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը և հավելեց, որ միգուցե կառավարությունն ինքը, գիտակցելով ստեղծված իրավիճակը, կամավոր գնա հրաժարականի, ինչը Մինասյանը քիչ հավանական է համարում:
Պատգամավորը նշեց, որ օրենքի համաձայն` 20-օրյա ժամկետում կառավարությունը պետք է պատասխանի իրենց հարցապնդմանը. «Մենք մտադիր են գրավոր հարցապնդումը ներկայացնել ԱԺ լիագումար նիստի քննարկմանը և դրանից հետո արդեն համարժեք վարքագիծ կդրսևորենք, մասնավորապես, եթե անվստահության խնդիր դնենք, ապա Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված կարգով կառաջարկենք ԱԺ որոշման նախագիծ»:









































