Իրանը պատրաստ է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով տարեկան 2.3 մլրդ խորանարդ մետրի։ Նման հայտարարություն է արել Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալի-Ռեզա Քամելին՝ փոխանցում է Shana գործակալությունը։
«Գազատարն ունի օրական 6 մլն խմ գազ մատակարարելու հնարավորություն, մինչդեռ ներկայում մատակարարվում է միայն 1 մլն խմ»,- գործակալությանն ասել է Քամելին Իրանի նավթարդյունահանման հարցերով նախարար Բիջան Զանգենեհի և Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հանդիպումից հետո:
Քամելին պարզաբանել է, որ Հայաստանում ենթակառուցվածքների բացակայության պատճառով գազատարի հավելյալ թողունակությունը դեռ չի օգտագործվում:
2004 թվականի համաձայնագրով՝ բնական գազի մատակարարման դիմաց Իրանն էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից։
Հանդիպումից հետո Զանգենեհը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը բանակցում են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ։ Իրանը կավելացնի Հայաստան մատակարարվող գազի ծավալները և կներմուծի հավելյալ էլեկտրաէներգիա:
Երվանդ Զախարյանը հանդիպմանը տեղեկացրել է, որ Հայաստանը մտադիր է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որը երկկողմ առևտուրը հնգակի կմեծացնի։








































